Ստամբուլյան Կոնվենցիան վերանայելու կամ չեղարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգը ոչ միանշանակ է ընդունվել հասարակության տարբեր շերտերի կողմից։ Էրդողանի հայտարարությունից հետո իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ ինչպես ստորագրել են կոնվենցիան, այնպես էլ դուրս կգան պայմանագրից, հայտնում է Ermenihaber-ը։
Հայտարարությունը հատկապես բացասական է ընդունվել կանանց շրջանում ՝ հանգեցնելով կոնվենցիայի հնարավոր չեղարկման դեմ լոկալ բողոքի ակցիաների։ Մի խումբ կանայք Ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական ծառայությունների Ստամբուլի նահանգային վարչության պատին պաստառ են ամրացրել «Արդեն բավական է։ Կանայք կյանքի երաշխիք են ուզում» գրությամբ։
Կազմակերպիչներից մեկը ելույթ է ունեցել շենքի բաց պատուհանից, մյուսներն էլ վանկարկել են՝ չենք լռում, չենք վախենում, չենք ենթարկվում։
Ոստիկանության աշխատակիցներն ընդհատել են ակցիան, իսկ այն կազմակերպող 7 կանանց ձերբակալել են։










