ՆՆարե Ոսկանյան

«Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրում ՊՎԾ-ն խախտումներ է բացահայտել. հարուցվել է քրգործ

«Գրքի աշխարհ» համալիրի կառուցման ներդրումային ծրագրում ՊՎԾ-ն խախտումներ է բացահայտել. հարուցվել է քրգործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012 թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում՝ Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Այս մասին տեղեկացնում են պետական վերահսկողական ծառայությունից:

Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր: Պատրաստ է եղել իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն:

Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին: Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012 թ․հուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:

Կաթսայատան և վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը: ՀՀ մշակույթի նախարարության և ընկերության միջև կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։

Պարզվել է, սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, ՀՀ կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն և ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի և կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել, և շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր և իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016 թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն դրամով, իսկ 2019 թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության 26.07.2012 թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:

Բացի դրանից՝ 2015 թ․ հունիսին փոփոխվել է ՀՀ կառավարության 26.07.2012 թ. թիվ 1052-Ա որոշումը, և սահմանվել է, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռք բերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։

2016 թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները, սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակի և 2 ալտի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:

ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերևույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:

Ուսումնասիրությամբ ի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում