ՆՆարե Ոսկանյան

Զորամասն անծանոթի հետ քննարկելը սխալ է. մասնագետների հերթական զգուշացումը

Զորամասն անծանոթի հետ քննարկելը սխալ է. մասնագետների հերթական զգուշացումը

«Տարիներ շարունակ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործում են սոցցանցերը Հայաստանի մասին մոնիթորինգ անելով, տեղեկատվություն հավաքելով ու ապատեղեկատվություն տարածելով: Եթե, օրինակ՝ ապրիլյան դեպքերի ժամանակ կեղծ  օգտատերեր էին վարձում, հիմա փորձում են կոտրել հայկական օգտատերերի էջերն ու իրենց  անունից են տեղեկատվությունը տարածում»: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ շարունակում են բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումները, և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից օգտատերը, Facebook սոցիալական ցանցում գրանցված մտացածին էջով (կեղծ) նամակագրական կապեր է հաստատել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայի հետ և փորձել է նրանից տեղեկություններ կորզել ՀՀ զինված ուժերի վերաբերյալ:

Անդրադառնալով այս խնդրին՝ տեղեկատվության անվտանգության մասնագետն ընդգծեց, որ կեղծ օգտատերերը փորձում են հարաբերություններ ձևավորել ու տարբեր հնարքներով մարդկանց հետ  շփման մեջ մտնել:

«Հիմնականում, եթե  տեսնում են, որ զինվորական նկարներ ունի, ծառայած է, փորձում են մտերմանալ, գրում են՝ իբր իրենք էլ  են նույն տեղում ծառայել և այդ  ընթացքում փորձում են տեղեկատվություն կորզել: Ասում են՝ այս շինությունը հիմա այսպիսին է արդեն կամ այնպիսին, և դիմացինը բացահայտում է այն ինֆորմացիան, որն իրեն հետաքրքրում է»,- ասաց Մարտիրոսյանը: Նա շետեց, որ հաճախ նմանատիպ գործողություններն ադրբեջանցիներն իրականացնում են հայրենասիրական ցանցային խմբերի միջոցով, որոնք փորձում են դա անել պետության շահերից ելնելով:

Սամվել Մարտիրոսյանն անդրադարձավ նաև սոցհարթակներում ադրբեջանական կեղծ օգտատերերի կիրառած մանիպուլյացիաներին ու գործիքակազմին: Նա ասաց՝ նկատելի է, որ սկսել են հայերենին ավելի լավ տիրապետել: Նոր միտումն  այն  է, որ փորձում են գործողություններ իրականացնել ոչ միայն Facebook կամ Odnoklassnik սոցէջերում, այլ նաև WhattsApp հավելվածի միջոցով

«Իմ կարծիքով, զորամասը քննարկելն անծանոթի հետ այսպես թե այնպես սխալ է: Եթե խնդիր կա ավելի մոտ շփվելու, ապա պետք է պահանջել, որ տեսազանգով շփվեք: Այդ դեպքում, որքան էլ լավ հայերեն խոսեն, միևնույն է՝ կոնկրետ ակցենտ ունեն, որը պարզ կնկատեք»,-ասաց մասնագետը:

Նախորդ ամսվա սկզբին ադրբեջանական հաքերները սկսեցին տարածել Հայաստանի՝ կորոնավիրուսով վարակվածներին առնչվող ցուցակներ, սակայն, Մարտիրոսյանի խոսքով, վերջին երկու-երեք օրում նաև հրապարակել են անձնագրային, զորամասային տվյալներ: Մարտիրոսյանը շեշտեց, որ սա խոսում է հայկական կողմի այն անփութության մասին, որ էլփոստերի միջոցով նաև ռազմական բնույթի տեղեկություն են ուղարկում: 

Խնդրի վերաբերյալ զրուցեցինք նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանի հետ: Նա 1lurer.am-ին հայտնեց, որ այս դեպքում խոսքը համացանցային հիգիենայի ու անձնական տվյալների պաշտպանության մասին է: Նա շեշտեց, որ ամեն մարդ պետք է նկատի ունենա, որ ինքը համացանցում նաև կարող է դառնալ հաքերների թիրախ: Հայրապետյանը նշեց, որ «հաքեր» բառը օգտագործելով՝ նկատի ունի բոլոր նրանց, ովքեր կոտրում են մարդկանց էջերը կամ տիրանում դրանց, կամ  մարդու ինքնությունը գողանալով՝ հանդես գալիս տվյալ մարդու անունից:

«Սոցիալական ցանցերում ինչ-որ բան հրապարակելիս պետք է զգոն լինել: Զգոնությունը միանգամից երկու թիրախի է հարվածում: Նախ՝ մարդիկ պետք է ուշադիր լինեն, որպեսզի չտարածեն իրենց մասին զգայուն ինֆորմացիա՝ բոլորի համար հանրամատչելի  եղանակով: Հետագայում դա կարող է բացասաբար անդրադառնալ իրեց կյանքին: Չարագործները կարող են ընկերանալ մարդու հետ և հենց մարդու տված ինֆորմացիայի միջոցով հանդես գալ: Օրինակ՝ ընկերանալու համար պարբերաբար հետևում են մարդու համացանցային վարքագծին՝ իմանում՝ երբ են գնում աշխատանքի կամ արձակուրդ և այլ արժեքավոր ու լրացուցիչ ինֆորմացիա»,- ասաց Հայրապետյանը:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի խոսքով՝ կան նաև այլ կազմակերպչական միջոցներ, որոնք ևս պետք է կիրառել, օրինակ՝ գաղտնաբառ ընտրելիս: Նա խորհուրդ տվեց, որ գաղտաբառն ավելի անվտանգ կլինի, եթե համադրվեն սիմվոլներ, տառեր և թվեր: Հայրապետյանը շեշտեց, որ որքան շատ լինեն սիմվոլները, այդքան դժվար կլինի այն մեխանիկական հաշվարկման միջոցով վերհանել: Մասնագետը քաղաքացիներին հորդորեց նաև չօգտագործել միևնույն գաղտնաբառը մեկից ավելի հարթակներում:

Գևորգ Հայրապետյանն ասաց, որ պետք է զգույշ լինեն նաև էլփոստով եկած հղումներին: Երբ գալիս են ֆայլերով  ու հղումներով տարբեր հաղորդագրություններ, որոնք կասկածելի են, ապա ոչ մի  դեպքում չպետք է սեղմել դրանց վրա: Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ եթե անգամ ընկերների կողմից ստանում են հաղորդագրություն, որն իր բովանդակությամբ կասկած կարող է առաջացնել և նման չէ  ընկերոջ առօրյա խոսակցությանը, բառապաշարին, ապա արժեքավոր ինֆորմացիա նրանց փոխանցելուց առաջ պետք է, օրինակ՝ զանգել և համոզվել, որ գործ ունեն հենց իրենց ընկերոջ հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում