ՆՆարե Ոսկանյան

Հարկը ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք. Ջանջուղազյան

Հարկը ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք. Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարկային օրենսգրքի փոփոխություններին, որի արդյունքում նախատեսված է գույքահարկի դրույքաչափերի փոփոխություն: Նախարարն ասաց՝ այն տրամաբանական շարունակությունն է մի շարք նախաձեռնությունների, օրինակ՝ հարկային համակարգի հայեցակարգային փոփոխությունների: 

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ ներմուծվել է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ 23 տոկոս, և դրվել աստիճանական նվազեցմամբ մինչև 20 տոկոսի հասնելու տրամաբանություն:  Նախարարն ասաց՝ քննադատվում էր, որ շատ եկամուտ ստացողից շատ հարկ գանձելու մոտեցումն է դուրս մնում: Սակայն, ըստ նրա, այդ պրոգրեսիվությունը ձևական է: «Թեև դրույքաչափը պրոգրեսիվ էր սահմանված, մինչ այդ գործում էր երեք միջակայք՝ 23, 28 և 36 տոկոս: Ձևական էր, որովհետև վարձու աշխատողների կամ հարկ վճարողների 65 տոկոսը գտնվում էր 23 տոկոս դրույքաչափով հարկման  միջակայքում: Միայն մոտ 1400 հարկ վճարող էր վճարում 36 տոկոս դրույքաչափով»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ պրոգրեսիվության հասնելու համար առաջարկվեց, որ հարկվի ոչ միայն կոնկրետ ժամանակահատվածի ստացված եկամուտը, այլև տեսանելի հարստությունը՝ գույքը: 

Նախարարի խոսքով՝ կային նաև կադաստրային գործող արժեքներ, որոնք գույքային հարկերի հաշվարկման համար շատ հեռու էին այդ նույն գույքային միավորների շուկայական արժեքներից: «Այդ տրամաբանությունը դրված էր դեռևս այն ժամանակ, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց և ուժի մեջ  մտավ: Նախատեսվում էր, որ այն պահին, երբ կվերանայվեն կադաստրային արժեքները, կմոտարկվեն շուկայական արժեքներին, դրանք կսկսեն կիրառվել գույքային հարկերի հաշվարկման համար»,- ասաց Ջանջուղազյանը՝ շեշտելով, որ այդ փոփոխությունը ևս անցյալ տարի տեղի ունեցավ, և կան գույքային միավորների՝ շուկայականին մոտարկված արժեքներ: Ասաց՝ գործնականում գույքային միավոր առ միավոր վերլուծել են փոփոխության ազդեցությունը և կայացրել որոշումներ: 

Ջանջուղազյանի խոսքով՝ երբեմն հարկը ընկալվում է որպես բեռ, բայց իրենց մոտեցումն է, որ դա ոչ թե բեռ է, այլ պահանջի իրավունք, որը վճարողը ձեռք է բերում այն ծառայությունների համար, որը պետբյուջեն ենթադրում է, որ պարտավորվել են մատուցել հանրությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում