ԱԱրման Գալոյան

ԼՀԿ-ն վերահաստատում է՝ չի միանա ԲՀԿ ստորագրահավաքին ու ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո

ԼՀԿ-ն վերահաստատում է՝ չի միանա ԲՀԿ ստորագրահավաքին ու ՍԴ կդիմի Քոչարյանի գործի քննությունից հետո

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարել է, որ իրենք չեն միանա խորհրդարանի ընդունած Սահմանադրության փոփոխությունները ՍԴ-ում վիճարկելու՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ստորագրահավաքին:

«Մեր դիրքորոշումը ներկայացնելուց հետո որևէ իրողություն չի փոխվել»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով հունիսի 24-ին իրենց հայտարարությունը, թե այդ փուլում չեն միանում ԲՀԿ-ի ստորագրահավաքին, և բարձր ատյան կդիմեն միայն ՍԴ-ում «Մարտի 1»-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո, որպեսզի իրենց գործողությունները մնան զուտ իրավական դաշտում ու չծառայեն ոչ գործող, ոչ նախկին իշխանությունների շահերին:

Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբանների հայտարարությանը, թե իրենք ՍԴ-ից հետ են վերցնում դիմումը, որպեսզի ԼՀԿ-ն չկաշկանդվի ԲՀԿ ստորագրահավաքին միանալու հարցում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մանրամասնեց՝ գործը, անկախ պաշտպանների՝ դիմումը հետ վերցնելու հանգամանքից, ՍԴ-ում քննվելու է:

«Լսեցինք հայտարարությունը, իմ լավ բարեկամներ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում, բայց չպատասխանեցին այն հարցին, թե ինչ կապ ունի իրենց հետ վերցնելը այդ գործը ՍԴ-ում քննելու հետ: Այդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է այդ նույն հարցով դիմել: Եվ Սահմանադրական դատարանը դատարանի և պաշտպանական կողմի դիմումների հիման վրա էր քննության օր նշանակել»,-ասաց Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Քոչարյանի փաստաբանները շատ լավ գիտեն, որ այդ գործընթացը իրավական գործընթաց է և չի կարելի այն քաղաքականացնել: «Իրենք այս քայլով ուզում են քաղաքականացնել, մտցնել քաղաքական դաշտ: Եթե դա է նրանց հետապնդած նպատակը, ես պետք է հիասթափեցնեմ նրանց, քանի որ այս գործընթացով երևույթը՝ որպես այդպիսին, չի դադարում քաղաքական լինելուց, ավելին՝ ավելի է խորանում քաղաքական կոմպոնենտը: Հետևաբար, նորից ենք ընդգծում, որ մենք պատրաստ ենք մեր ասած պայմանից հետո անմիջապես մտնել ՍԴ, որպեսզի գործընթացը մաքուր իրավական լինի»,- ասաց Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում