ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանն ընդունեց 2019-ի բյուջեի կատարողականն ու երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը

Խորհրդարանն ընդունեց 2019-ի բյուջեի կատարողականն ու երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերը

Ազգային ժողովը 74 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Խորհրդարանը 83 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին օրենքում» լրացում կատարելու մասին օրենսդրական նախագիծը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 70 կողմ, 11 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:   

Հիշեցնենք, որ նախագծով շուրջ 509 հազար գույքային միավորի համար հարկային բեռը նվազում է: Նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ն ավելի փոքր է, քան 2020-ի համար հաշվարկվող հարկը, սակայն հանրագումարում կանխատեսվում է ունենալ դրական էֆեկտ: Եթե հարկային ներուժը 2020-ին գնահատվում էր շուրջ 9 միլիարդ դրամ, ապա այդ նվազումներով հանդերձ՝ 2021-ին այն կլինի շուրջ 9.5 միլիարդ դրամի շրջանակում:

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ևս ընդունվեց 82 կողմ ձայնով:  Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքները ևս խնամքի նպաստ կստանան: Դա կարվի՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո: 

Հիշեցնենք, որ նախագծով, եթե գյուղական բնակավայրում բնակվող ծնողը նաև վարձու աշխատող է, գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա կստանա կրկնակի նպաստ: Այսինքն՝ 26500 դրամ՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ընտանիքին, 26500 դրամ էլ՝ որպես գյուղական բնակավայրում բնակվող մինչև երկու տարեկան երեխա խնամող ընտանիքին:

Կառավարության ներկայացրած Դատական օրենսգրքում և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը ևս խորհրդարանն ընդունեց 83 կողմ, 1 դեմ ձայներով: 

Հիշեցնենք, որ նախագծով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատավորների ցանկից ընտրել դատավորների, որոնք կքննեն նաև ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում