«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոր նախաձեռնությամբ է հանդես եկել:
«Այսուհետ #Հայաստանըսերէ, #ՀանգստացիրՀայաստանում #VisitArmenia, #ArmeniaLove խորագրերով և հեշթեգերով Հայաստանի ու Արցախի պատմամշակութային վայրերից լուսանկարներ համացանցում ավելի հաճախ կհանդիպեք։
Արշավի նախաձեռնողը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, նպատակը՝ ներկայացնել հայկական մշակույթը, զբոսաշրջային վայրերը, հոգևոր արժեքները, սնունդն ու ավանդույթները։
Արշավի առաջին կանգառը Արցախն է։ Ընտրվել է վեց վայր, որոնք ներկայացնում են Արցախի պատմությունը, հոգևոր, պատմամշակութային հարուստ ժառանգությունն ու բնության հրաշալիքները։
Շատ խորհրդանշական է, որ արշավը մեկնարկում է հենց Արցախով, քանի որ յուրաքանչյուր հայի համար «ազատ Արցախ» հասկացությունը ոգեշնչում և ուժ է տալիս։ Այնպիսի տպավորություն է, որ ցանկացած գործ, որ նախաձեռնում ես Արցախում՝ դատապարտված է հաղթանակի։
Արշավի մեկնարկի համար ընտրվել է վեց վայր՝ պայմանով, որ կրկին վերադառնալու ենք Արցախ և ներկայացնելու Արցախի յուրահատուկ շունչն ու էներգետիկան»,- տեղեկացրել է տիկին Հակոբյանը Ֆեյսբուքի էջում:










