ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ՖԲ էջում տեղեկացրել է. «Ավելի քան մեկ տարի առաջ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին ներկայացրել էի մի առաջարկ, որով նախատեսվում էր ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարի որոշակի մասն ուղղել Սփյուռքի հայկական համայնքների ուժեղացման տարբեր ծրագրերի. առաջարկիս նպատակը հիմնադրամը փաստացի համահայկական դարձնելուն էր միտված: Դեռևս այն ժամանակ ինձ համար հստակ դարձավ, որ ընդհանուր գաղափարի շուրջ Հայկակ Արշամյանի, իր թիմի և իմ պատկերացումները համընկնում են:
«Ուժեղ Հայաստան, Ուժեղ Սփյուռք» հայեցակարգից բխող՝ հիմնադրամի վարած քաղաքականությունը հատկապես ինձ համար չափազանց ոգևորիչ է, քանի որ սա այն է, ինչի մասին քանիցս խոսել եմ իմ հրապարակային ելույթներում. Սփյուռքը՝ Հայաստանի, Հայաստանը՝ Սփյուռքի համար:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 55 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել՝ ի աջակցություն Լիբանանի հայկական կրթական հաստատությունների, որոնք երկրում տիրող ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական ճգնաժամային պայմանների հետևանքով հայտնվել են դժվարին կացության մեջ։
Եվս 10 հազար ԱՄՆ դոլար համամասնաբար կտրամադրվի Լիբանանի հայկական լրատվամիջոցներին՝ «Ազդակ», «Զարթոնք», «Արարատ» օրաթերթերին օրաթերթին և «Վանայ Ձայն» ռադիոկայանին»։










