ՆՆարե Ոսկանյան

Ես փախստական եմ հանգամանքի բերումով. Իրաքում ծնված Նարոյի հայկական պատմությունը

Ես փախստական եմ հանգամանքի բերումով. Իրաքում ծնված Նարոյի հայկական պատմությունը

«Հայաստանը որպես նոր երկիր փախստականի համար դրախտի նման տեղ կարող է լինել, եթե նա պատրաստ է: Ուղղակի համագործակցությունը պետք է լինի եռակողմ՝  պետությունը, կառույցներն ու ինքը»,- ասում է Նարո Օհանեսյանը: 5 տարեկան էր, երբ 2006 թվականին ընտանիքով Իրաքից եկան Հայաստան: Իրաքյան պատերազմի վտանգներից փախչելով, հայրը որոշեց՝ երեխաներն ապահով կլինեն միայն Հայաստանում:

Հունիսի 20-ը Փախստականների միջազգային օրն է․ 1lurer.am-ի հետ զրույցում Նարոն պատմեց՝ ինտեգրվելը բարդ չի եղել, ուղղակի պատրաստ են եղել փորձություններին, որոնք իրենց սպասում էին:

«Որպես հայ ես ինձ չեմ կարողանում համարել փախստական, ես միայն անձնագրով եմ փախստական ու հանգամանքի բերումով: Ես հայ եմ: Այդ մասին միշտ եմ իմացել: Ընդամենն այստեղ գալուց հետո նկատեցի, որ շուրջբոլորս հայերեն են խոսում», - ասում է աղջիկը: 

Ընտանիքով այժմ հանրակացարանում են բնակվում: Իրաքից Հայաստան տեղափոխվելուց առաջ սկզբում Սիրիա են գնացել, քանի որ դեպի Հայաստան չվերթ չի եղել: Հորն առաջարկել են բնակարանով, աշխատանքով ապահովել, բայց հրաժարվել է: Երեխաների ապագան Հայաստանում տեսնող Օհանը կարգավորել է փաստաթղթերի հարցը, ու եկել են հայրենիք:

                                    

Արդեն հիմա հայրենիքում ակտիվ կամավորությամբ զբաղվող աղջնակը պատմեց, որ Իրաքի մասին իր հիշողություններն այդքան էլ պայծառ չեն, հիշում է, որ վտանգ կար, որ ամեն պահի մի պայթյուն կարող էր լինել: Մինչդեռ Հայաստանի մասին խոսելիս հիշողություններն այլ են: Ասում է՝ իր կյանքում առաջին ձյունը Հայաստանում է տեսել: 

«Հիշում եմ՝ մեր բակի դիմաց շինարարություն էր, ու ավազը սարի նման փոքրիկ կանգնած էր: Առավոտյան, երբ արթնացանք, մայրս ասաց՝ ձյուն կա դրսում: Ես առհասարակ չգիտեի մինչև Հայաստան գալս, այդ 5 տարվա ընթացքում տեսել էի միայն կարկուտ: Երբ տեսա՝ միանգամից ասացի՝ Հայաստանում փոքրիկ սար է առաջացել, ու սկսեցի ընկերներիս հետ ձյան հետ խաղալ սովորել»,- պատմում է հումանիտար քոլեջն այս տարի ավարտած Նարոն, որն արդեն ընդունելության միասնական քննության է պատրաստվում:

Խոսելով փախստականների ինտեգրման հնարավորություններից՝ Նարոն շեշտեց, որ առաջինը պետք է այդ ցանկությունը հենց փախստականն ունենա: Իր օրինակով պատմեց, որ արդեն 10-ից ավելի կազմակերպություններում կամավորություն է արել, նոր ընկերներ ձեռք բերել, փորձ ու գիտելիք: Պատերազմի ժամանակ մոր ոտքն է վնասվել, ինչի պատճառով աշխատել չի կարողանում, հայրը ակտիվ է ինչպես իր աշխատանքում, այնպես էլ փախստականներին թարգմանությունների հարցում օգնելով: Աղջիկը չբացառեց, որ երբեմն տարաձայնություններ են լինում մարդկանց հետ, բայց դա չի խանգարում, որ սիրի Հայաստանը:

          

 

«Հայաստանն այն տեղն է, որն ինձ շատ բան է տվել, ինչը ես հիմա վերադարձնելու եմ: Այստեղ ստացել եմ գիտելիք, ձևավորվել որպես մարդ, զարգացել ու զարգանում եմ, բայց արդեն հասել է այն պահը, որ ես իմ թեկուզ փոքրիկ քայլերով պետք է այդ ստացածս ներդնեմ Հայաստանի համար», - ասում է Նարոն ու ավելացնում, որ Հայաստանն այն տեղն է, որին այժմ փորձում է օգնել՝ թեկուզ գետնից մարդկանց գցած դիմակները վերցնելով ու աղբարկղը նետելով: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում