ՆՆարե Ոսկանյան

Կազմվել է արագ արձագանքման 14 խումբ. ոստիկանների առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել. ՄԻՊ

Կազմվել է արագ արձագանքման 14 խումբ. ոստիկանների առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփիչ հայտարարություն է կատարել հունիսի 14-ին կատարած աշխատանքների վերաբերյալ:

«Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում:
 

Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է արագ արձագանքման 14 խումբ: 10 խումբ իրականացրել է այցեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային բաժիններ: Աշխատանքային 4 խումբ իրականացրել է լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների մշտադիտարկում, ինչպես նաև իրավական ապահովման աշխատանքներ:
 

Օրվա ընթացքում ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 165 անձի հետ, ուսումնասիրվել են այդ անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը և նրանց բերման ենթարկելու կապակցությամբ ոստիկանության պարզաբանումները:
 

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրները գլխավորապես վերաբերում են փողոցից ոստիկանություն բերման ենթարկելու ու այդ ընթացքում բերման ենթարկվողի իրավունքներն ապահովելու հետ (օրինակ՝ բերման ենթարկելու հիմքերի ոչ պատշաճ պարզաբանում, մատյաններում և վարչական վարույթի նյութերում վարչական ձերբակալման հիմքերի ոչ պատշաճ արտացոլում):
 

Ոստիկանության բաժիններ կատարած այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ոստիկանություն ամբողջական տեսքով՝ պարզաբանումների պահանջով և լուծման առաջարկներով:
 

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում: Ուստի, Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով:
 

Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը»,- ասված է հայտարարությունում:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում