ԼԼիլիթ Սեդրակյան

Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Սերբիան Հայաստանին կցուցաբերի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն

Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ Սերբիան Հայաստանին կցուցաբերի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլարի բժշկական օգնություն

ՀՀ նախագահականի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հեռախոսազրույցների արդյունքում առաջիկայում Սերբիան մեծածավալ մարդասիրական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ որպես աջակցություն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին:

Օրերս նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց էր ունեցել իր գործընկեր Վուչիչի հետ, որի հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունի: Նախագահներն անդրադարձել էին կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակին, և Սերբիայի նախագահն ընդգծել էր, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանին: Նախագահ Սարգսյանը սերբական կողմին էր փոխանցել ՀՀ առողջապահության նախարարի տրամադրած՝ անհրաժեշտ պարագաների ցանկը:

Մի քանի օր առաջ առողջապահության ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը Հանրապետության նախագահը նշել էր, որ կրկին զրուցել է իր սերբ գործընկերոջ հետ: Վերջինս մանրամասն տեղեկացրել էր, թե ինչ քանակի և տեսակի օգնություն է պատրաստվում ուղարկել իր հայ ընկերոջը և, ի դեմս նրա, Հայաստանի բարեկամ ժողովրդին:

Առաջիկա օրերին հատուկ չվերթով Սերբիայից Հայաստան կժամանեն երկու օդանավ՝ ամբողջությամբ բեռնված մեծաքանակ բժշկական պարագաներով ու սարքավորումներով: Մեր երկիր կհասցվեն մասնավորապես 10 արհեստական շնչառության սարքեր, հիվանդի վիճակը վերահսկող 10 մոնիտոր, 500 հազար վիրահատական և 100 հազար շնչառական դիմակներ, 25 հազար պաշտպանիչ ակնոցներ, 25 հազար բժշկական պաշտպանիչ հանդերձանք և այլ անհրաժեշտ պարագաներ: Նախագահ Սարգսյանի նախաձեռնած և Սերբիայի նախագահի աջակցությամբ կազմակերպված՝ Հայաստանին ցուցաբերվող սերբական օգնության ընդհանուր արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

Սերբիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդար Վուչիչին և, հանձին նրա, բարեկամ սերբ ժողովրդին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ շարունակական ջերմ վերաբերմունքի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում