ԱԱրման Գալոյան

Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019-ի բյուջեի կատարողականը

Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019-ի բյուջեի կատարողականը

Հունիսի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2019 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և կառավարության անդամներ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ և վերանշանակված պետական նախարարին, կառավարության անդամներին ու պետեկամուտների կոմիտեի նախագահին բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն երկրի զարգացման կարևորագույն գործում:  Անցնելով օրակարգային հարցին՝ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը:

Ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 342,5 մլրդ դրամ՝ ապահովելով 10,3% տնտեսական աճ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%:

Վահրամ Բաղդասարյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.

արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 165 մլրդ դրամ. 2018 թ. համեմատ աճը՝ 40,1%-ով.

շինարարության ծավալ՝ շուրջ 64,6 մլրդ դրամ՝ 23,1% աճ.

գյուղատնտեսական արտադրանքի ծավալ՝ 70,6 մլրդ դրամ. 2018 թ. 74,1մլրդ դրամի համամատ նվազել է շուրջ 4,7%-ով.

միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 175,522 հազ դրամ. 2018 թ. նկատմամբ աճը՝ 8,9%, նախորդ տարվա 161,181դրամի փոխարեն.

արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 656,1 մլն ԱՄՆ դոլար. 2018 թ. նկատմամբ 18,2% աճ.

ապրանքների ներմուծման ծավալ՝ 373,1 մլն ԱՄՆ դոլար, աճը՝ 5,7%.

արտահանման ծավալ՝ 283 մլն ԱՄՆ դոլար. աճը՝ 40,1%.

գնաճ՝ 0,7%:

2019 թ. պետական բյուջեով պլանավորված 59 մլրդ 700 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 60 մլրդ 135 մլն դրամ: Ծրագրված ցուցանիշը կատարվել է 100,7%-ով:

«ԱՀ 2019 թ. պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 111 մլրդ 818,7 մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 96%-ը: 2019 թ. պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,- նշել է ֆինանսների նախարարը:

2018 թ. բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին: Իր ելույթում օրենսդիրների մտահոգություններին և առաջարկություններին է անդրադարձել նաև պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Բյուջեի կատարողականի վերաբերյալ մշտական հանձնաժողովներում ոլորտային քննարկումները կմեկնարկեն հունիսի 11-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում