Վախի մթնոլորտը հաղթահարվել է, բայց ազատությունը սկսել ենք մեր դեմ օգտագործել. Նիկոլ Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Անդրադառնալով երեկ «Մեյմանդարի» շուկան 24 ժամով փակելու որոշման դեմ երեկվա բողոքի ակցիաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գիշերը հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել: Շուրջ 3 տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Քրեական գործ է հարուցվել:

«Պատասխան տվողներ կլինեն: Բայց այն, ինչ մենք այնտեղ արել ենք ու անում ենք, ընդամենը ասում ենք՝ կանոնները պահեք, որ չմահանանք  մենք, մեր հարազատները, մեր ծնողները»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը արձանագրեց, որ համայնքապետարաններից շատերը, փոխանակ պահեն հակահամաճարակաբանական կանոնները, ընդհակառակը, հունիսի 1-ին երեխաների համար միջոցառումներ են կազմակերպել:

«Մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է: Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը: Սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի ժողովրդի մեղքից: Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության կանոնով, որ մենք մի մարմին ենք, մի ամբողջություն ենք, մեզ հնարավոր չէ տարանջատել: Մի ամբողջություն ենք. լավ ենք, վատ ենք՝ էս ենք: Ես համոզված եմ, որ մենք լավ ենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ վախի մթնոլորտն անցել է, հաղթահարվել է, բայց ազատությունը սկսել ենք մեր պետական ու ազգային շահի դեմ օգտագործել:

Վարչապետը խոսեց նաև Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարի մասին, որում ևս պահպանված չէին հակահամաճարակային կանոնները: Նրա խոսքով՝ արդեն 36 վարակված կա արտադրամասում:

«Չորս-հինգ անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, հետո՞, ինչ անենք, ծեծե՞նք: Ո՞ւմ ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդ իր կյանքին լուրջ չի՞ վերաբերվում: Մի մարդու հարց է: Ընդամենը մեկ մարդ պետք է էս հարցին լուրջ վերաբերվի, և այդ մեկ մարդը դու ես»,- կոչ արեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում