Ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը խանգարում են առկա սահմանափակումները. վարչապետ

ԳԳայանե Թամամյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինին` այսօրվա հանդիպման հաջող անցկացման, բոլոր պայմանները ստեղծելու, ինչպես նաև ավանդական հյուրընկալության համար:

Ցանկանում եմ նաև ողջունել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Վլադիմիրի Միշուստինին և Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուին, ովքեր առաջին անգամ են մասնակցում մեր խորհրդի նիստին: Հաջողություն եմ մաղթում Ձեզ և կցանկանայի հավաստիացնել, որ մենք պատրաստ ենք ակտիվ և արդյունավետ համագործակցության:

Սիրելի ընկերներ,

Սա մեր առաջին հանդիպումն է այս տարի բելառուսական կողմի նախագահության ներքո: Մենք աջակցում ենք Բելառուսի նախագահության շրջանակում արձանագրված ինտեգրման առաջնային ուղղություններին:

Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել դեռևս գոյություն ունեցող խոչընդոտների և սահմանափակումների վերացման կարևորությունը, որոնք խանգարում են ընդհանուր տնտեսական տարածքի ձևավորմանը: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների, ծառայությունների հասանելիության ոլորտում ոչ խտրական մոտեցումների հիման վրա:

Միության մարմինների արդյունավետության բարձրացումը և տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը ևս մեկ ուղղություն է, որը պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում:

Այսօրվա նիստի օրակարգի հարցերի մասին կցանկանայի նշել հետևյալը. այսօր հերթական անգամ քննարկվեց ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Այս խոչընդոտների մի մասով մենք այսօր որոշումներ ենք կայացրել:

Այնուամենայնիվ, ինչպես արդեն բազմիցս նշել եմ, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը, որոնք ուղղված են առկա խոչընդոտների վերացմանը և հետագայում դրանց կրկնությունը բացառող պայմանների ստեղծմանը:

Ինչ վերաբերում է «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղություններին», ես կցանկանայի նշել, որ մենք առանձնահատուկ կարևորում ենք այս փաստաթղթի վերջնական համաձայնեցումը` ԵԱՏՄ պայմանագրով ամրագրված համագործակցության հաստատված ձևերի հիման վրա:

Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար ակտիվորեն մասնակցում և աջակցում է ԵԱՏՄ թվային օրակարգի ստեղծման և իրականացման գործընթացին: Կարծում ենք, որ թվային տրանսպորտային միջանցքների էկոհամակարգի ձևավորումը հնարավորություն կտա նվազեցնել ապրանքների և ծառայությունների սպառողի, արտադրողի և վաճառողի միջև հեռավորությունը: Դա էապես կնվազեցնի առաքման, ինչպես նաև ապրանքների տեղափոխման օպտիմալ եղանակներն ու մեթոդները որոնելու ժամանակը՝ շուկան այս առումով ավելի կատարյալ դարձնելով: 

Նիստի հարգելի մասնակիցներ,

Քանի որ փետրվարի 1-ին ավարտվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը, իմ ելույթի ավարտին ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Տիգրան Սարգսյանին, ինչպես նաև Հանձնաժողովին՝ կատարած աշխատանքի համար, և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Ցանկանում եմ նաև բեղմնավոր աշխատանք մաղթել նոր Հանձնաժողովին Միխայիլ Մյասնիկովիչի ղեկավարությամբ, ինչպես նաև Բելառուսի Հանրապետությանը, որը այս տարի նախագահելու է ԵԱՏՄ մարմիններում:

Եվ վերջում ցանկանում եմ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս տարի հյուրընկալել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը: Ուրախ կլինեմ ողջունել բոլորիդ Հայաստանում: Եվ մեր կողմից ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նիստն անցնի ամենաբարձր մակարդակով:

Շնորհակալություն ուշադրության համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում