Հայաստանի ստարտափ էկոհամակարգի տվյալներն այսուհետ հասանելի են մեկ միասնական հարթակում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԲՏԱԱԲ նախարարությունից:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը նոյեմբերի 20-ին՝ DigiTec 2026-ի շրջանակում, մասնակցել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի միասնական հարթակի՝ [armenia.dealroom.app](https://armenia.dealroom.app) գործարկմանը։
Հարթակը համախմբում է Հայաստանի ստարտափների, ներդրողների, հիմնադիրների, համալսարանների, աքսելերատորների և էկոհամակարգի այլ դերակատարների վերաբերյալ տվյալները՝ ապահովելով ոլորտի ամբողջական պատկերը մեկ միջավայրում։
Հարթակը հնարավորություն կտա բարձրացնել հայկական ստարտափների միջազգային տեսանելիությունը, միջազգային ներդրողների և գործընկերների համար ավելի հասանելի դարձնել հայկական ընկերությունները, ինչպես նաև բացահայտել նոր ներդրումային և համագործակցության հնարավորություններ։
Տաթև Ասլանյանը կարևորել է հարթակի նշանակությունը ոչ միայն ստարտափների և ներդրողների, այլև պետական կառավարման համակարգի համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա գնահատել էկոհամակարգի զարգացումը, բացահայտել առկա բացերը և առավել հիմնավորված որոշումներ կայացնել ոլորտային քաղաքականության մշակման ու ծրագրերի գնահատման ընթացքում։
Նախարարի տեղակալը կարևորել է հավաստի տվյալների դերը վստահության ձևավորման գործում՝ ընդգծելով հարթակի շարունակական զարգացման և Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի հետ համահունչ ընդլայնման անհրաժեշտությունը։
Հարթակը ներառված է Dealroom-ի՝ աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող 100-ից ավելի ստարտափ էկոհամակարգերի միջազգային ցանցում՝ հնարավորություն տալով Հայաստանի էկոհամակարգը ներկայացնել և համեմատել միջազգային գործընկերների հետ։
Նախաձեռնությունն իրականացվել է Եվրոպական միության EU4Innovation East ծրագրի շրջանակում՝ Dealroom-ի, Civitta-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) համագործակցությամբ։
Հարթակը հասանելի է՝ [armenia.dealroom.app](https://armenia.dealroom.app) հասցեով։










