Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրամիությանն առաջարկում է երկխոսություն սկսել հանրապետության հետ և այն վարել ոչ թե փակ դռների հետևում, այլ հրապարակայնորեն:
«Մենք առաջարկում ենք բոլոր հարցերի շուրջ բաց, հանրային քննարկում: Մենք վստահ ենք, որ ճիշտ ենք և պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունը։ Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել ավելի զարգացած ու ավելի ժողովրդավար»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Միևնույն ժամանակ, նա լավատեսություն է հայտնել, որ Վրաստանի նկատմամբ Եվրամիության մոտեցումները կփոխվեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Մինչդեռ չորեքշաբթի վրացական լրատվամիջոցները հրապարակել են Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որը գնահատում է թեկնածու և պոտենցիալ անդամ երկրների առաջընթացը ԵՄ անդամակցության ուղղությամբ։ Զեկույցը նաև պարունակում է Վրաստանին ուղղված առաջարկություններ, որոնք ներառում են կոնկրետ պահանջներ՝ բանտից ազատ արձակել «ազատությունից ապօրինի զրկված անձանց», չեղարկել վերջերս ընդունված մի շարք օրենքներ և սկսել լայնածավալ դատական բարեփոխումներ, որը ենթադրում է դատավորների ազնվության աուդիտ օտարերկրյա փորձագետների կողմից։








