ԿԿարմեն Ղուկասյան

Նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման խնդիր է եղել․ Արփինե Սարգսյանը՝ Ուշիի վթարի մասին

Նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման  խնդիր է եղել․ Արփինե Սարգսյանը՝ Ուշիի վթարի մասին

Իրականում ցանկացած դեպք մեզ համար ողբերգական է, և մենք բոլորս պետք է հետևություններ անենք։ Այդ մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Ուշիի ոսբերգական ավտովթարին, որը խլել է 9 մարդու կյանք։

«Իհարկե, քրեական վարույթ կա նախաձեռնված, դրա շրջանակներում ամբողջ դետալները կքննարկվեն, և կհասկանանք իրական պատճառը։ Շատ նախնական են իմ գնահատականները, դրա համար եմ խուսափում որևէ կոնկրետ բան նշելուց։

Օրինակ՝ պարեկային ծառայողների կողմից շատ նախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման հետ կապված խնդիր է եղել, որովհետև ճանապարհին արգելակման մասին վկայող առերևույթ հետքեր չկան, բայց նորից եմ ուզում շեշտել՝ սա նախնական է: Խնդրում եմ որևէ մեկդ այս հիմնավորմամբ չմեկնաբանել դեպքը, որովհետև վարույթով պետք է հստակ հասկանանք պատճառները»,- նշեց նախարարը։

ՆԳ նախարարը շեշտեց՝ այստեղ անելիք ունենք բոլորս, այսինքն՝ թե պարեկային ծառայության վերահսկողությունը պետք է շարունակվի ուժեղացված պահել, թե ճանապարհներին ճանապարհային անվտանգության բաղադրիչներով՝ կահավորանք։

«Տեխնիկական զննման թեման, գիտեք, որ մեր ամենախոցելի թեմաներից է, որովհետև շատ հաճախ պատշաճ զննության պատշաճ մակարդակով չիրականացման դեպքում նմանատիպ իրավիճակներ կարող են առաջ գալ, և վերջում իհարկե վարորդների վարքագիծը»,- ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում չորս ավտոմեքենա է բախվել․ կա ինը զոհ և երեք վիրավոր։

Նախօրեին տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր։

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում