Հակադոպինգային գործակալությունը կաջակցի Հայաստանում ժամանակակից լաբորատորիաների ստեղծման գործում․ WADA գլխավոր տնօրեն

Հակադոպինգային գործակալությունը կաջակցի  Հայաստանում ժամանակակից լաբորատորիաների ստեղծման գործում․ WADA գլխավոր տնօրեն

Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար՝ բարձր գնահատելով գործակալության աջակցությունը Հայաստանին։

Ժաննա Անդրեասյանը Օլիվիե Նիգլիին ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող միջազգային սպորտային մրցաշարերը՝ կարևորելով գործակալության աջակցությունը WADA-ի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գործընթացները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու գործում։

Գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես հակադոպինգային կրթության բաղադրիչը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու ուղղությամբ։ Կարևորվել է հակադոպինգային գործակալության գործունեության, դոպինգի կանխարգելման և ոլորտային գիտելիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ սկսած դպրոցական տարիքից։

Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը, անդրադարձ է կատարվել Հայաստանում հակադոպինգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։

Գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին՝ միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման և համապատասխան հետազոտությունների անցկացման ուղղությամբ փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների համաժողովին մասնակցում են նաև Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արփինե Գևորգյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում