Տիգրան Գասպարյանը Վիեննայում ներկայացրել է արդյունաբերացման ուղղությամբ Հայաստանի ազգային փորձը

Տիգրան Գասպարյանը Վիեննայում ներկայացրել է արդյունաբերացման ուղղությամբ Հայաստանի ազգային փորձը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մասնակցել և բացման ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) «Շրջանաձև տնտեսության և կանաչ արդյունաբերության շաբաթ 2026» միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։

Միջոցառումը նվիրված էր Հայաստանի, Մեքսիկայի և Ֆիլիպինների կողմից համատեղ ներկայացված «Շրջանաձև տնտեսություն՝ հանուն ներառական և կայուն զարգացման» (GC.21/Res.4) բանաձևին, որը միաձայն ընդունվել էր 2025 թ. նոյեմբերի 27-ին UNIDO-ի Գլխավոր համաժողովում։ Միջոցառման նպատակն էր հանդիսավոր պայմաններում նշել բանաձևի ընդունման առաջին տարեդարձը, քննարկել դրա իրականացումը և ուրվագծել հետագա քայլերը։

Տիգրան Գասպարյանն իր ելույթում ներկայացրել է արդյունաբերացման ուղղությամբ Հայաստանի ազգային փորձը, մասնավորապես՝ անցումը ռեսուրսատար մոդելից արտադրողականության վրա հիմնված արդյունաբերական զարգացման՝ ընդգծելով, որ շրջանաձև տնտեսության սկզբունքներն անբաժանելի են այս փոխակերպման գործընթացից։

Նախարարի տեղակալն անդրադարձել է շրջանաձև տնտեսության հիմնական խոչընդոտներին, այդ թվում՝ թափոնների հավաքագրման և տարանջատման ենթակառուցվածքների, վերամշակման համար տնտեսական խթանների և երկրորդային հումքի արտահանման միջոցով ավելացված արժեքի կորստի ոլորտներում առկա բացերին։

Մարտահրավերների հասցեագրման համատեքստում կարևորվել է շրջանաձև տնտեսության նախագծերի համար կենսունակ բիզնես օրինակների ապահովումը, համապատասխան տնտեսական խթանների սահմանումը և շրջանաձև արդյունաբերական գոտիների ծրագրերի խթանումը։

Շրջանաձև տնտեսության վերաբերյալ բանաձևի իրականացման համատեքստում Տիգրան Գասպարյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ սերտացնելու համագործակցությունը՝ ոլորտում չափելի արդյունքներ արձանագրելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում