Գերիների վերջին խմբի ազատ արձակումից հետո շատ բան ենք արել։ Արել ենք բաներ, որոնք այս ամբիոնից չէի ուզենա ասել, որովհետև այլ երկրների անուններ պիտի տամ, նրանց գուցե վատ դրության մեջ դնեմ։ Դա կվնասի մեր միջազգային կապերին։ Ի՞նչ իմաստ ունի ասել, թե ինչեր ենք արել, երբ արդյունքը չկա։ Այդ մասին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ պատճառաբանությամբ են այս կամ այն երկրները հրաժարվել հումանիստական աջակցություն ցուցաբերել ռազմագերիներին։
Անդրադառնալով ընդդիմադիրների շրջանում գերիների հարցը երրորդ երկրների միջոցով լուծելու վերաբերյալ ծավալվող քննարկումներին՝ Միրզոյանը պարզաբանեց. «Ասում են՝ կա տարբերակ, գնացե՛ք, դիմե՛ք երրորդ երկրին, դիցուք՝ Մադագասկարին, Մադագասկարը գնա, այցելի հայ գերիներին, միջնորդի ազատ արձակել և այլն։ Հիմա իրենք դա գիտեն, մենք էլ չգիտե՞նք, կապեր չունե՞նք։
Հիասթափեցնեմ ձեզ, դիմել ենք, չի ստացվում։ Չեմ ուզում այդ երկրների անունները տալ, որովհետև դեռ աշխատելու ենք այդ երկրների հետ։ Չի ստացվում երրորդ երկրներով։ Անընդհատ թմբկահարում եք՝ իբր ձև կա, մենք էլ չենք անո՞ւմ։ Չկա՛»։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ հայկական կողմն այլ երկրների ընդհանուր գործընկերներին բազմիցս դիմել է, երրորդ երկրներին ասել են՝ գործ չունեք հարցի հետ, և սա է «դառը ճշմարտությունը»։
«Մենք ունենք ճանապարհ, աշխատում ենք այդ ուղղությամբ, և այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանի հետ մեր ուղիղ երկխոսության միջով», — ասաց նախարարը։












