Նախաձեռնությամբ հստակեցվում է համաձայնագրի կողմ հանդիսացող երկրներում ժամանակավորապես գործուղման մեջ գտնվող աշխատողների հետ արտադրությունում տեղի ունեցած դժբախտ պատահարների քննության կարգը։ Մասնավորապես՝ համաձայնագիրը լրացվում է երկու հոդվածով։ Առաջինով սահմանվում են «դժբախտ պատահար արտադրությունում», «աշխատող», «գործատու», «ծառայողական գործուղում» տերմինները։ Հաջորդ հոդվածը վերաբերում է տեղեկությունը բնակության վայրի համապատասխան լիազոր մարմնին հասնելու ընթացակարգին։
««Բնակության պետությունից դուրս գտնվող աշխատողների հետ արտադրությունում դժբախտ պատահարների քննության կարգի մասին» 1994 թվականի դեկտեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողովի անդամ Նատալյա Սինորյանը։ Նա բարձրաձայնել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ և կոչ արել կողմ քվեարկել։
Նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում և քվեարկությամբ ընդունվել։










