Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 28-ի նիստին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրեց «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև» համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում։
«Համաձայնագրի նպատակն է ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտրի և ներդրումների իրականացման գործընթացի ազատականացումը»,– ասաց նա։
Օրինակ՝ ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ծառայությունների առևտուրը համաձայնագրով կդառնա բաց։ Հայկական կողմից էմիրաթական կողմի համար նախատեսվել են արտոնություններ գյուղատնտեսության, որսորդության, անտառտնտեսության, ինժեներիայի, գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահության, կրթության, բնապահպանության և փոստային ծառայությունների ոլորտներում։
Ըստ Պապոյանի՝ սա տնտեսական զարգացման, ներդրումների խրախուսման, ՀՀ-ԱՄԷ տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր նախագիծ է։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը խնդրեց սովորական քաղաքացուն բացատրել, թե ինչ է փոխվում ՀՀ-ի և ԱՄԷ-ի համար այս համաձայնագրով։ Պապոյանը պարզաբանեց. «Օրինակ՝ իրավաբանական ծառայություններ։ Նախկինում Հայաստանում ռեզիդենտ կազմակերպությունը չէր կարող իրավաբանական ծառայություններ մատուցել ԱՄԷ-ում, հիմա այս համաձայնագրով արդեն կարող է»։
Այսուհետ չեն լինի նաև փոստային սահմանափակումներ։ Ըստ Պապոյանի՝ այս համաձայնագրով ՀՀ ռեզիդենտների համար բիզնեսի շրջանակում գործող կանոնները նույն պայմաններով պետք է գործեն ԱՄԷ ընկերությունների համար, իսկ այն պայմանները, որոնք ԱՄԷ-ի ռեզիդենտների համար են գործում, նույն կերպ պետք է գործեն նաև ՀՀ-ի համար։









