Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 27-ի նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությանը, որն առնչվում է ադրբեջանցիներից ներողություն խնդրելու պահանջին, ԱԳՄԱ նախարարից հետաքրքրվեց՝ ինչու նախարարությունը կամ որևէ գերատեսչություն չարձագանքեց դրան, և թե նման խոսույթն ինչքանով է նպաստում խաղաղության գործընթացին:
Նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ նախարարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաղաղություն է կառուցում՝ հասկանալով, որ գործընթացը շատ բարդ է, և որ կան խոչընդոտներ:
«Անիվը միշտ սիրում է իր ակոսով գնալ. երբ նույնիսկ մեծ ջանքեր են գործադրվում՝ այդ ակոսից մի քիչ այն կողմ դնելու, շատ հեշտ է՝ մեկ էլ թը՛փ, անիվն ընկնում է ակոսը:
Մենք փորձում ենք խաղաղություն ամրապնդել, խնամել, հոգ տանել խաղաղության մասին: Էնքան կարելի է արձագանքել, մի հատ ավելի սուր բան ասել, հետո ավելի սուր բան ստանալ, հետո ավելի սուր բան ասել:
Վստահեցնում եմ՝ ես այնքան ամպագոռգոռ և հայրենասիրական բառեր գիտեմ, էնքան հայրենասիրական բառեր գիտեմ: Հարց է՝ դա անելը կնպաստի՞… Հիմա բերեցիք մի օրինակ, որը չի նպաստում: Ես էլ կարող եմ 10 հատ հայտարարություն անել, որը չի նպաստի, և՞… Վատ տեղ կհասնենք»,- ասաց նա:
Տիգրան Աբրահամյանը կարծիք հայտնեց, թե նման հայտարարություններին հայկական կողմից սկզբում արձագանք չի լինում, հետո խոսույթում համաձայնության նոտա է սկսում նկատվել, և այս համատեքստում հարցրեց. «Որքանո՞վ եք գնահատում հավանականությունը, որ Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը կարող է լինել ևս մեկ նախապայման խաղաղության պայմանագրի ստորագրման գործում»:
Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ կարծում եմ՝ չի կարող լինել: «Վերքերը շատ թարմ են, հակամարտությունը նոր է ավարտվել: Զոհեր և արյուն են եղել այս կողմում, զոհեր և արյուն են եղել այն կողմում: Ոչ մի կոնֆլիկտի և պատերազմի մեջ մեղր չեն բաժանում: Հասարակությունները պետք է հաշտվեն: Ցավը այստեղ էլ կա, այնտեղ էլ կա: Կարո՛ղ ենք չափել՝ ում ցավն է ավելի շատ, սա էլ ուրիշ պատմություն է, բայց պետք է ավարտել այդ հակամարտությունը և մտնել խաղաղության համագործակցության փուլ»,- ասաց նա:










