ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն այցելել է imID գրասենյակ՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը, Հայաստանում թվային ինքնության և վստահության ենթակառուցվածքի զարգացման ընթացքին, գործող լուծումներին և ոլորտի զարգացման ուղղություններին։
Այցի ընթացքում նախարարը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունը, որի պաշտոնական գործարկումը տեղի էր ունեցել օրեր առաջ՝ TrustConf 2026 by imID միջոցառման շրջանակում։ Նախարարը գործնականում ծանոթացել է թվային ինքնության ստեղծման և կիրառման գործընթացին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են թվային ինքնության և վստահության ծառայությունների դերը Հայաստանի թվային փոխակերպման գործընթացում, դրանց կիրառման ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված համագործակցության նշանակությունը՝ անվտանգ և փոխգործունակ թվային միջավայրի ձևավորման գործում։
imID թիմը՝ գլխավոր տնօրեն Կարեն Մկոյանի գլխավորությամբ, նախարարին ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունն ու առաքելությունը, թվային ինքնության և վստահության ծառայությունների համար ձևավորված ենթակառուցվածքը, գործող պրոդուկտներն ու ծառայությունները, շուկայի հիմնական ցուցանիշներն ու գործընկերների էկոհամակարգը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային չափանիշներին, մասնավորապես՝ ԵՄ eIDAS-ի պահանջներին համապատասխանությանը, ինչպես նաև Հայաստանում ոլորտի հետագա զարգացման ուղղություններին։
Կողմերն ընդգծել են թվային վստահության համակարգի արդյունավետ զարգացման գործում պետության և մասնավոր հատվածի համագործակցության կարևորությունը՝ շեշտելով մասնավոր հատվածի կողմից ստեղծվող տեխնոլոգիաների ու ծառայությունների համադրումը պետական թվային համակարգերի և կարգավորող միջավայրի հետ։ Այս համատեքստում կարևորվել է միասնական և վստահելի թվային միջավայրի ձևավորումը՝ թվային ծառայությունների անվտանգությունը, փոխգործունակությունն ու քաղաքացիների և բիզնեսների համար դրանց լայն կիրառելիությունն ապահովելու նպատակով։
Քննարկվել են նաև պետական և մասնավոր թվային համակարգերի միջև փոխգործակցության ընդլայնման, վստահության ծառայությունների կիրառման խթանման և Հայաստանում ստեղծվող լուծումները միջազգային չափանիշներին համահունչ զարգացնելու հետագա քայլերը։










