Կանաչ անցումը պետք է բնապահպանական առումով լինի հավակնոտ, բայց միևնույն ժամանակ՝ սոցիալապես արդար, ԵԽԽՎ նիստում կլիմայի փոփոխության և դրան ուղղված գործողություններին երիտասարդների ներգրավման թեմայով քննարկման ընթացքում հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: Նա կարևորել է քննարկման նշանակությունը Հայաստանի համար, քանի որ այստեղ շուտով անցկացվելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։
«COP17-ն, ի թիվս այլ հարցերի, կանդրադառնա միջազգային հանձնառությունները գործողությունների վերածելուն։ Եվրոպան պետք է ձեռնարկի ևս մեկ կարևոր քայլ՝ ճանաչի առողջ շրջակա միջավայր ունենալու ինքնավար իրավունքը և առանց հետագա ձգձգումների շարժվի դեպի Եվրոպայի խորհրդի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող փաստաթղթի ընդունում՝ արդյունավետ մշտադիտարկման մեխանիզմով և երիտասարդների ձայնի ապահովմամբ»։
Գրիգորյանը շեշտել է, որ կլիմայական գործողությունները երիտասարդների և ապագա սերնդի հանդեպ հոգատարությունը պատասխանատվության վերածելու ամենակոնկրետ դրսևորումներից են:
«Մեր սերունդը չպետք է հիշվի որպես սերունդ, որը հասկանում էր խնդիրը, ուներ գործելու միջոցներ, բայց, այնուամենայնիվ, հաշիվը փոխանցեց հաջորդ սերնդին»։ Գրիգորյանը կոչ է արել ապագա սերունդներին ավելի լավ ժառանգություն թողնել՝ Եվրոպա, որը կմնա ապրելու համար պիտանի, արդար և հնարավորություններով լի։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:









