Քննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական բարձրագույն կրթության որակի ապահովման ասոցիացիայի (ENQA) նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկային։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ-ի խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։
Նախարարը կարևորել է ENQA-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը՝ Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգի զարգացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից։
Նա ներկայացրել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ կառավարության նոր ծրագրով կրթությունը սահմանվել է որպես «ռազմավարությունների ռազմավարություն», իսկ բարձրագույն կրթության համակարգի վերափոխումներն ունեն առաջնային կարևորություն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո իրականացվող փոփոխություններին, «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքին, բուհերի կրթական ծրագրերի պետական հավատարմագրմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության ֆինանսավորման բարեփոխմանը։
ENQA-ի նախագահ Դանիելա Քրիստինա Գիցուլիկան շնորհակալություն է հայտնել ընդունելության և ՈԱԱԿ-ի հետ սերտ համագործակցության համար՝ կարևորելով Հայաստանի հետ գործընկերության շարունակական զարգացումը։
Նա ներկայացրել է ENQA-ի գործունեության հիմնական ուղղությունները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման համակարգերի զարգացման արդի միտումներն ու մարտահրավերները՝ կարևորելով ազգային կառույցների միջև փորձի փոխանակումը, մասնագիտական կարողությունների զարգացումը և եվրոպական չափանիշների կիրառման ուղղությամբ գործընկերության ամրապնդումը։

Քննարկվել են նաև Հայաստանում որակի ապահովման բարեփոխումները՝ այս գործընթացում կարևորելով եվրոպական փորձագետների ներգրավման և համատեղ հավատարմագրման փորձի հնարավորությունը։ Նշվել է, որ Հայաստանում վերանայվում է որակի ապահովման ազգային շրջանակը՝ այն Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում որակի ապահովման չափորոշիչներին և ուղենիշներին (ESG – Standards and Guidelines for Quality Assurance in the European Higher Education Area) համապատասխանեցնելու նպատակով։ ՈԱԱԿ-ն արդեն կիրառում է եվրոպական գործընկերների հետ համատեղ հավատարմագրման (joint accreditation) մոդելը։
Քննարկման ընթացքում կարևորվել է նաև որակի ապահովման գործընթացներում ուսանողների, շրջանավարտների և գործատուների մասնակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ուսանողների ներգրավումը արտաքին գնահատումներում, շրջանավարտների հետ հետադարձ կապը, ինչպես նաև կրթական ծրագրերի գնահատման մեջ աշխատաշուկայի պահանջների ներառումը։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու մասնագիտական երկխոսությունն ու համագործակցությունը՝ Հայաստանի որակի ապահովման համակարգի զարգացման և եվրոպական լավագույն փորձի փոխանակման ուղղությամբ։
Դիտումներ63









