Ամենաճիշտ կետը, որտեղ կարող ենք ռեզիդենտության հարցը լուծել, ապահովագրության համակարգի շահառուների ճշգրտումն է. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության նիստին առողջության համընդհանուր ապահովագրության համատեքստում անդրադարձավ ռեզիդենտների թվին:
«Հիմա, երբ մեկնարկել է ապահովագրության գործընթացը, բնականաբար, մարդիկ կամավոր սկսել են իրենց իդենտիֆիկացնել որպես ռեզիդենտ, որպեսզի դառնան շահառու: Մենք պիտի վերջնականապես էլեկտրոնային տվյալների շտեմարանը խելքի բերենք, որպեսզի ռեզիդենտության հարցը լուծենք ավտոմատ, և մեր քաղաքացի շահառուն՝ ծառայություն ստացողը, նույնիսկ դա չզգա: Ամենաճիշտ կետը, որտեղ կարող ենք ռեզիդենտության հարցը լուծել, ապահովագրության համակարգի շահառուների ճշգրտումն է»,- նշեց Մհեր Գրիգորյանը:
«Այս պահին մենք ԱԱԾ-ի գործընկերների հետ, հաշվի առնելով նաև սահմանների համալիր կառավարման մասով մեր ունեցած պարտավորությունը վիզաների հետ կապված, աշխատում ենք այդ ուղղությամբ: Խոսում ենք առողջության համընդհանուր ապահովագրության կամ սոցիալական ծառայությունների մասին, բայց հիշենք, որ ընտրական գործընթացների դեպքում ևս նախատեսել ենք ռեզիդենտության բաղադրիչը: Այս պահին աշխատում ենք գործընկերների հետ ընտրացուցակների մասով աշխատանքների ուղղությամբ և առաջիկայում Կառավարություն կներկայացնենք նաև քաղաքացիության օրենքում փոփոխությունների փաթեթը, որտեղ ևս քաղաքացիության շնորհման գործընթացում ռեզիդենտության բաղադրիչը կարևոր կլինի:
Այսինքն՝ մեր տարբեր ուղղություններով մեր բարեփոխումներում ռեզիդենտության բաղադրիչը գնալով ավելի հիմնարար նշանակություն է ունենում: Այստեղ այլընտրանք չկա, պետք է կարողանանք մեր ունեցած բազաները ադապտացնել այս իրավիճակին, բայց կա պրակտիկ խնդիր, որ որոշակի պահի համար աշխատանքը եղել է թղթային եղանակով: Մենք հիմա տարբեր ռիսկեր ունենք, որոնք քննարկում ենք օրինակներով, երբ կարող ենք համարել, որ անձը ռեզիդենտ է, բայց զուտ բազային տվյալ չունենալու հիմքով: Այսինքն՝ դա չի նշանակում, որ իրականում անձը ռեզիդենտություն ունի ՀՀ-ում, բայց դրա ստուգման մեխանիզմը պարզապես չունենալու պատճառով մենք համարում ենք, որ անձը շահառու է և կարիք ունի օգտվելու տարբեր ծառայություններից: Ընթացքում ֆիլտրելով՝ կկարողանանք հասնել տվյալների շտեմարանի մաքուր վիճակին, որտեղ ոչ ճշգրիտ տվյալների հետ կապված խնդիրներ չենք ունենա»,- ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Մենք պետք է վստահ լինենք, որ ԱԱԾ-ի մեկնարկային տվյալներն ամբողջական են, որովհետև կարող են օբյեկտիվ պատճառներով որևէ ելք կամ մուտք լինել վաղեմության պատճառով կամ երկու անձնագրի պատճառով: Մեր քաղաքացիները, ովքեր 2 անձնագիր ունեն, երբ հայկական անձնագրով դուրս են գալիս, այլ անձնագրով մուտք են գործում, դառնում են ոչ ռեզիդենտ, այսինքն՝ կարող են մեր շտեմարանի տեսանկյունից լինել ոչ ռեզիդենտ, և հակառակը՝ եթե մտնում են Հայաստան հայկական անձնագրով և դուրս են գալիս այլ անձնագրով, ավտոմատ դառնում են ռեզիդենտ, այսինքն՝ ծառայությունների շահառու, ինչն այնքան էլ արդար չէ, որովհետև նրանք Հայաստանում չեն եղել:
Այստեղ հարցը մեկնարկային տեղեկատվական բազայի մաքրության հարցն է: Մենք պետք է վստահ լինենք, որ հունվարի 1-ից ստերիլ բազայով ենք աշխատելու»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Դիտումներ67









