Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: Վարչապետն այսօր աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ հաջողություն մաղթելով: Աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանին էլ վարչապետը շնորհակալություն է հայտնել և արդյունավետ գործունեություն մաղթել արդեն օրենսդիր մարմնում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունն առաջնորդվում է պետության հարատևության օրակարգով:-Լիանա
9-րդ գումարման խորհրդարանում էթիկայի հանձնաժողով կստեղծվի: Ազգային ժողովի նախագահի պաշտոնում իր առաջին ճեպազրույցում հայտարարել է Ռուբեն Ռուբինյանը: Ըստ նրա, թեև այդ հանձնաժողովի որոշմամբ սանկցիաներ չեն կարող կիրառվել որևէ մեկի նկատմամբ, սակայն գոնե հանրային ճնշման գործոն կարող է դառնալ՝ ստիպելով պատգամավորներին՝ պահպանել էթիկայի կանոնները: Այս համատեքստում ԱԺ նախագահն անդրադարձել է նաև խորհրդարանում բարեկիրթ լինելու մասին ընդդիմությանն ուղղված իր կոչին, ուրախությամբ արձանագրել, որ այն դեռ պահպանվում է:-Մերի
Խորհրդարանն այսօր սկսել, բայց չի ավարտել Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրության հարցի քննարկումը: Թեկնածուներից երկուսին, օրենքով սահմանված կարգով, առաջադրել է կառավարող ուժը, իսկ մեկին՝ ընդդիմությունը: Այսօր գործընկերների հարցերին պատասխանել է թեկնածուներից միայն Հայկ Կոնջորյանը: Հայտարարել է, որ իր վերաբերյալ կեղծ տեղեկությունների մեծ չափաբաժին է տարածվում, մտադիր է դատական հայցեր ներկայացնել:-Վարդուհի
Սեուտայում տեղի ունեցած ճգնաժամից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կոչ է արել խստացնել սահմանային հսկողությունը և արգելա-պատնեշներ տեղադրել Եվրամիության արտաքին սահմանների առավել խոցելի հատվածներում։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր հերթին Եվրամիության մի շարք գործընկերների մեղադրել է Սեուտայի միգրացիոն ճգնաժամն իր կառավարության դեմ օգտագործելու համար։ Միջազգային նորությունները՝ տեսաշարում:
ԻՐԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԹՐԱՄՓԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բանակցությունների նոր փուլի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսություն ներկայումս չի ընթանում: Ավելին, նա հավելել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնի կառավարության ներկայացուցիչներին ընդունելու կամ այնտեղ իրանական պատվիրակություն ուղարկելու ծրագրեր չկան:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը որոշել է հրաժարվել Իրանին նոր հարվածներից՝ հակամարտությանը դիվանագիտական լուծում ապահովելու համար: Թրամփի խոսքով՝ բանակցությունների նոր փուլը նախատեսվում էր սկսել օգոստոսի 3-ին: «Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին դրա մոտալուտ լինելը», - ասել էր նա՝ նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահը երկուշաբթի հայտարարել է, որ պետք է Իրանի հետ համաձայնագիր կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիա կնքել:
«Իրանը ոչինչ չի ստանա մինչև գործարք կամ լիակատար կապիտուլյացիա չլինի», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում՝ անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից շարունակվող ծովային շրջափակմանը։ Բացի այդ, Թրամփը հերթական անգամ Թեհրանին մեղադրել է մի կողմից Վաշինգտոնի հետ բանակցելու, մյուս կողմից հրապարակավ այդ բանակցությունը հերքելու համար: «Նրանք խնդրում, իսկ ոմանց կարծիքով՝ աղաչում են մոտ ապագայում պլանավորված բանակցություն անցկացնել, սակայն հրապարակավ պնդում, են, թե ոչինչ էլ չեն քննարկում»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը:
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ. ՓԵԶԵՇՔԻԱՆ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համոզել Վաշինգտոնին կատարելու փոխըմբռնման հուշագրի պայմանները, քանի որ դրանից է կախված Մերձավոր Արևելքի անվտանգությունը: «Երկրի, տարածաշրջանի և մեր դաշնակիցների անվտանգությունը կամրապնդվի այդ հուշագրի շնորհիվ»,- հայտարարել է նա։ Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ հուշագիրն ապագայում կդառնա Իրանի միջազգային հարաբերությունների հիմքը։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է ավարտել փետրվարի 28-ին սկսված հակամարտությունը: Փաստաթղթում, մասնավորապես, տեղ են գտել Հորմուզի նեղուցի բացումն ու միջուկային զենք ունենալու ծրագրերի բացակայության վերաբերյալ Թեհրանի հավաստիացումները: Հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը, սակայն, ԱՄՆ-ն սկսել է կետային հարվածներ հասցնել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում նավերի գնդակոծության:
++++
Իրանը բանակցություններ է վարում Օմանի հետ Հորմուզի նեղուցով նավերի անցման հարցում փոխըմբռնման հասնելու վերաբերյալ, ըստ Tasnim-ի՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։
Նրա խոսքով՝ Իրանը «փորձում է հնարավորինս շուտ, Օմանի հետ խորհրդակցելով, որոշել երթուղին, որը, բնականաբար, ժամանակավոր կլինի, և դրա հիման վրա ապահովել Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը»։
«Չնայած բանակցությունները երկկողմանի են, մյուս պետությունները նույնպես կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը,- ասել Բաղաեին և հավելել, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ հետագա որոշումները կկայացվեն ավելի ուշ։
++++
ԻՍՐԱՅԵԼԻ ՆՈՐ ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ ԳԱԶԱՅԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԱՌՆՎԱԶՆ 19 ՄԱՐԴ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից հարձակումների «դիտավորյալ սրացումը» նպատակ ունի խոչընդոտել միջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։ ՀԱՄԱՍ-ի որակմամբ՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա «հանցավոր և խելահեղ ռմբակոծությունները» ընտանիքներ են ոչնչացրել: Շարժումը կոչ է անելով միջնորդներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ճնշում գործադրելու Իսրայելի վրա՝ դադարեցնելու նման գործողությունները։
ՀԱՄԱՍ-ը նման հայտարարություն է տարածել, երբ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 19 պաղեստինցի: Ավելի վաղ Խաղաղության խորհուրդը հաստատել էր, որ ՀԱՄԱՍ-ը պաշտոնապես պարտավորվել է հրաժարվել իր բոլոր զենքերից, որին կհաջորդի Իսրայելի զորքի դուրսբերումը Գազայից։
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 85-Ի
Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամի նահանգում ջրհեղեղներից զոհերի թիվը հասել է 85-ի, տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Այդ մասին հայտնել է նահանգի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը։ Ջրով հեղեղված 349 գյուղական բնակավայրում տուժել է ավելի քան 300 հազար մարդ: Հեղեղումը վնաս է հասցրել 15,4 հազար հեկտար գյուղատնտեսական հողերի։
Ասամում փրկարարական գործողություններին՝ մուսոնային անձրևների և աննախադեպ հեղեղման պայմաններում, մասնակցում են բանակը և ռազմաօդային ուժերը: Արտաքին աշխարհից կտրված դժվարամատչելի շրջաններում մարդկանց առաջին անհրաժեշտության առարականեր հասցնելու համար գործի են դրվել անօդաչու թռչող սարքեր: 10 շրջանում կազմակեպվել են 44 ճամբար փախստականների համար, որտեղ տեղավորված է մոտ 15 հազար մարդ: Զոհեր և վիրավորներ կան նաև Քերալայի շրանում:- Դավիթ
Մարտունիում օրերս շների հարձակումից փրկված արջի քոթոթը կվերադառնա բնություն: Մինչ այդ նա կապրի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ապաստարանում իր նման փրկված ևս մեկ քոթոթի հետ: Հիմնադրամի ղեկավարի խոսքով կենդանին ապաստարանում իրեն վատ չի զգում:-Աննա









