Ռազմական ակադեմիայում կուրսանտը կարող է սովորել ռուսերեն, անգլերեն, ադրբեջաներեն, թուրքերեն լեզուներ․ Պապիկյան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում փոխվել են կրթական ծրագրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութերի միջոցով հայտնում է նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մեզ մոտ կուրսանտը կարող է սովորել մի շարք լեզուներ, մասնավորապես կրթական ծրագրում կան ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն, թուրքերեն լեզուներ, ինչպես նաև համալսարանի, ակադեմիայի հարկի տակ պաշտպանության նախարարության տարբեր սպաներ կարող են սովորել իտալերեն, պարսկերեն և չինարեն։
Սրանք շատ կարևոր ծրագրեր են և, կարծում եմ, լավ խթան են, որպեսզի մարդիկ որոշում ընդունելիս կողմնորոշվեն դեպի ռազմական ոլորտը և մասնագիտությունը»,-նշել է նախարարը։
«Մասնավորապես, կուրսանտները կարող են օգտվել հետևյալ խմբակներից՝ սուսերամարտ, ձիավարություն, լող։ Ուսուցանվում են նաև սպորտային ուղղվածության այնպիսի մասնագիտություններ, ուժային բնույթի մասնագիտություններ, ինչպիսիք են՝ սամբոն, ձյուդոն և բոքսը։ Եվ, կարծում եմ, սա կուրսանտի զարգացման համար շատ կարևոր է, և, բնականաբար, այն մեծապես նպաստելու է, որպեսզի մեր պատանիները որոշում ընդունեն և դառնան զինվորական»,-ասել է նա։









