Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ սահմանային ապատեղեկության մասին
Սա այն դեպքերից է, երբ խոսքը միայն սահմանին տեղի ունեցող իրադարձությունների մասին չէ, սա սահմանին տեղի չունեցող իրադարձությունների մասին է, և, ըստ էության, սա հիբրիդային հարձակման մասին է: Այս մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 16-ի նիստին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե ԶԼՄ-ներում Հայաստանի պաշտպանական իրավիճակի վերաբերյալ հերթական ստահոդ տեղեկությունն էր տարածվել:
Այս համատեքստում պատգամավորը կարծիք հայտնեց, թե հասունացել է պահը՝ օրենքով կարգավորել սահմանային գծի, բանակի վերաբերյալ տեղեկության հրապարակումը, ինչպես նաև սահմանել, որ ԶԼՄ-ն իրավունք ունի տեղեկություն տարածել միայն ՊՆ հայտարարությունից հետո:
«Հնարավոր իրավական կարգավորումը, որը ոչ միայն մեր ոլորտին է վերաբերում, այլև առհասարակ վերաբերում է նմանատիպ հարձակումներին, Ազգային ժողովը, գուցե նաև Կառավարության նախաձեռնողներս, պիտի սրան նպատակաուղղված փոփոխություններով գանք ԱԺ կամ ձեզնից ստանանք առաջարկ:
Սա իրապես լուրջ մարտահրավեր է պետության անվտանգության համար»,- ասաց նախարարը՝ միաժամանակ նշելով, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն դատարապտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար:
Հիշեցնենք, որ առավոտյան ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր տեղեկատվությունը, թե Մեղրիի զորամասի ուղղությամբ արձանագրվել է ներթափանցման փորձ, որը, իբրև թե, հետ է մղվել ՀՀ ԶՈՒ-ի կողմից:
Դիտումներ495












