ԷԷլեն Պետրոսյան

Ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը․ «Միասին մենք հասել ենք անհնարինին»

Ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը․ «Միասին մենք հասել ենք անհնարինին»

Եգիպտոսի և ԱՄՆ ղեկավարների համանախագահությամբ Շարմ էլ Շեյխում մեկնարկած Խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարները: Դոնալդ Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը սահմանում է բազմաթիվ կանոններ:

Ստորագրման արարողությանը նախորդած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել միջնորդ երկրներին: Նա նաև հիշեցրել է իր օժանդակությամբ լուծված հակամարտությունների մասին: ԱՄն նախագահը հատուկ ընդգծել է գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը: 

«Միասին մենք հասել ենք անհնարինին՝ վերջապես Մերձավոր Արևելքում խաղաղություն է տիրում», - նշել է նա՝ հավելելով՝ այս պահից ի վեր կկառուցենք ուժեղ, կայուն և բարգավաճ տարածաշրջան: 

Ավելի վաղ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և Դոնալդ Թրամփը զրուցել են լրագրողների հետ: Եգիպտոսի ղեկավարը Գազայում հրադադարի համաձայնագիրն անվանել է աննախադեպ ձեռքբերում: Դոնալդ Թրամփն էլ նշել է Եգիպտոսի կարևոր դերը բանակցություններում: 

Նախքան գագաթնաժողովի մեկնարկը տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննարկումներ է ունեցել եվրոպական և մերձավորարևելյան երկրների ղեկավարների հետ: Հանդիպում են անցկացրել նաև Թուրքիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կատարի ղեկավարները: 

Գագաթնաժողովին մասնակցում է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը:

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի մեկնել Եգիպտոս՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը հրեական տոնին ընդառաջ: 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հաջողություն է մաղթել Շարմ էլ Շեյխի հանդիպման մասնակիցներին՝ շեշտելով՝ Գազայում խաղաղության վերաբերյալ Թրամփի ծրագիրը լավագույնն է, որ այժմ դրված է բանակցությունների սեղանին: Միևնույն ժամանակ, Լավրովի խոսքով, Թրամփի պլանը չի լուծում պաղեստինյան պետականության խնդիրը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում