Քաղաքական շրջանակներում նոնսենս են համարում դեռևս չհրապարակված նոր Սահմանադրության նախագծի շուրջ 12 ուժերի համախմբումը, հատկապես այն պայմաններում, երբ «ո՛չ ալիևյան սահմանադրությանը, այո՛, Հայաստանի անկախությանը» կարգախոսներով պայքար են նախաձեռնել Հայաստանի գոյությունը առանց Ռուսաստանի չպատկերացնող և Հայաստանի ինքնիշխանությունը տասնամյակներ շարունակ ոչնչացրած ուժերը, նկատում են քաղաքագետներն ու շարունակում՝ Եթե այդ ուժերը Անկախության հռչակագիրը տան պատից կախելուց բացի այլ կարգավիճակով ընկալեին՝ իրենց իսկ կառավարման օրոք բացարձակապես այլ քաղաքականություն կվարեին։
Իսկ իրականում, ըստ մասնագետների, անկախության մասին բարձրաձայնող ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենք էլ անկախ չեն: Սա ավելի շատ ռուսական շահերի համախմբում է. Մոսկվայի պլան բ-ն՝ խորհրդարանական ընտրություններում Հայաստանի իշխանությունը տապալել չհաջողելուց հետո: Իսկ կարճաժամկետ նպատակը՝ Հայաստանում ունենալ անկայունության ու ժողովրդի դժգոհությունը հարուցող մշտական գործոն:
Անկախ այն բանից՝ Անկախության հռչակագրին հղումը նոր Սահմանադրության մեջ կլինի, թե չէ, այն որպես պատմական փաստաթուղթ Հայաստանի պատմության էջերում է, հիշեցնում են փորձագետները, վստահեցնում՝ սկսված պայքարը ձախողված ու դատապարտված է։
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան











