ԹԹերեզա Կասյան

Արցախի քաղաքական դաշտը երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել. Աշոտ Ղուլյան

Արցախի քաղաքական դաշտը երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել. Աշոտ Ղուլյան

Արցախի ԱԺ նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը հանդես է եկել  հայտարարությամբ, որում ներկայացրել է իր տեսակետը Արցախի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը. նախկինում գործող կուսակցությունների թիվը համարյա կրկնապատկվել է՝ հասնելով 25-ի: Բարդ ընտրություններ են սպասվում այն իմաստով, որ բնակչության շրջանում պետք է արմատավորել այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քաղաքացի իր որոշմամբ պատասխանատվություն է ստանձնում երկրի ապագայի համար:

Առհասարակ մեզ նման երկրներում անձերի անհատական դերն ու հեղինակությունը մեծ ազդեցություն են ունենում ընտրությունների ելքի վրա, սակայն հենց այս փուլում անչափ կարևոր է հասկանալ, որ ընտրությունները շատ ավելի արժեքների մասին են, այն արժեքների, որոնք կարող են ամուր հիմք լինել հասարակության բարօրության և պետականության ամրապնդման համար: Կարճաժամկետ շահն ու խնդիրների այսօրեական լուծումները մեզ՝ որպես հասարակություն, երկարաժամկետ զարգացման չեն տանելու:

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է քաղաքական նոր գործընթաց սկսելու մասին: ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու շրջանում եղել ենք Արցախի բոլոր շրջաններում: Հանդիպումներ ենք ունեցել տեղական կառույցների ներկայացուցիչների հետ, քննարկվել են այն հիմնական հարցերը, որոնք պետք է արտացոլվեն կուսակցության նախընտրական ծրագրում: Այսօր էլ աշխատանքները շարունակվում են: Նոյեմբերին կուսակցության համագումարը որոշելու է և՛ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելու հարցը և՛ այն սկզբունքները, որոնցով ձևավորվելու է կուսակցության համամասնական ցուցակը:

Կուսակցության շարքերում և հանրային լայն շրջանակներում տիրապետող է դառնում այն տեսակետը, որ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես զուտ արցախյան առաջին քաղաքական կառույց, պարտավոր է քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու հայտ ներկայացնել և, ինչպես եղել է նախկինում, ազնիվ ու քաղաքակիրթ մրցակցային պայքարի օրինակ ցույց տալ:

Այս դիրքորոշումը որևէ կերպ չի սահմանափակում հանրապետության քաղաքական դաշտում և անհատ գործիչների միջև այս օրերին էլ շարունակվող քաղաքական խորհրդատվությունների և քննարկումների հնարավորությունը: ԱԺԿ-ն պատրաստ է լայն համախոհության միջավայր ձևավորել երկրի առջև ծառացած խնդիրների համապարփակ լուծման նպատակով հանրային-քաղաքական ազդեցիկ կոնսոլիդացիայի համար»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում