ԻԻրինա Մկրտչյան

«Ֆաբ լաբ»` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

«Ֆաբ լաբ»` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում բացվել է «Ֆաբ լաբ» թվային արտադրության լաբորատորիա: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀԲԸՄ Հայաստանի «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ` «Ֆաբ լաբ Հայաստան» կրթական հիմնադրամի և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ համագործակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Նորաստեղծ «Ֆաբ լաբ»-ի նպատակն է տեխնոլոգիաների և թվային արտադրանքի միջոցով ապահովել կրթվելու, նորարարության գործիքների, գիտելիքի և ֆինանսական միջոցների հասանելիություն:

Բացման միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը, Հայաստանում ԵՄ դեսպանության, ՀԲԸՄ Հայաստանի, «Ֆաբ լաբ Հայաստանի», «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչներ, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքերով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է թվային արտադրության լաբորատորիայի հիմնադրումը հատկապես մասնագետների վերապատրաստման տեսանկյունից՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես երիտասարդների, այնպես էլ համայնքի համար։ Ըստ փոխնախարարի՝ նման նախաձեռնությունների իրականացումը մարզերում ռազմավարական նշանակություն ունի՝ կրթական և տեխնոլոգիական հավասար հնարավորություններ ապահովելու տեսանկյունից։

«Գյումրու լաբորատորիայի միանալն աշխարհի շուրջ 3000 «Ֆաբ լաբ»-երի գլոբալ ցանցին՝ Հայաստանի համար կարևոր քայլ է դեպի միջազգային կրթական և տեխնոլոգիական հարթակներ։ Այս գործընթացում Գեղարվեստի պետական ակադեմիայի դերը կարևոր է, քանի որ նման հարթակներում ուսանողների ակտիվ ներգրավվածությունը խթանում է ստեղծագործ մտածողությունը և ձեռնարկատիրական հմտությունները։ «Ֆաբ լաբ»-ի, կրթական հաստատությունների և միջազգային գործընկերների համագործակցությունը նպաստում է ՀՀ ստեղծագործական ներուժի բացահայտմանը և դրա ներկայացմանը գլոբալ հարթակներում՝ ճանաչելի դարձնելով հայկական նորարարական և մշակութային արժեքները»,-նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին նախաձեռնության կյանքի կոչման, ակտիվ համագործակցության և երկարաժամկետ ներդրման համար։

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանի խոսքով՝ այս լաբորատորիայի բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն ակադեմիայի, այլև ողջ քաղաքի համար. «Ֆաբ լաբ»-ի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր գործունեության շրջանակը՝ միավորելով տեխնոլոգիան, կրթությունն ու արվեստը՝ խթանելով Հայաստանի հյուսիսում տեքստիլ և թեթև արդյունաբերության զարգացումը»:

«Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը նշել է, որ Գյումրու «Ֆաբ լաբ»-ի հիմնադրմամբ ստեղծվում է թվային գիտելիքների նոր հարթակ արվեստագետների համար, որն իրականություն է դարձել Գեղարվեստի պետական ​​ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հետ արդյունավետ համագործակցությամբ:

ՌԶԳ RECONOMY-ի «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» ծրագրի ղեկավար Մհեր Սահակյանի խոսքով՝ նորաբաց «Ֆաբ լաբ»-ը ոչ միայն տեղական նորարարական էկոհամակարգի հզորացման միջոց է, այլև զբաղվածության լայն հնարավորություններ է ընձեռում Շիրակի մարզի համար: Ըստ նրա` ստեղծված հնարավորությունը կարևոր է նաև հարակից մարզերի տնտեսական զարգացմանն ու աշխուժացմանը նպաստելու տեսանկյունից:

Թվային արտադրանքի ժամանակակից գործիքներով, դասավանդման նորարարական մեթոդաբանությամբ ապահովված միջավայրը հնարավարություն կստեղծի մուտք ունենալ դեպի համաշխարհային «Ֆաբ լաբ»-ի ցանց և ուսումնական համայնք:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Ֆաբ Լաբը հանդիսանում է Հայաստանի «Ֆաբ լաբ» ցանցերի և 3000-ից ավելի լաբերից բաղկացած համաշխարհային համայնքի մի մաս։ Այն հասանելի է ոչ միայն ՀՊԳԱ ուսանողներին ու դասախոսներին, այլև համայնքի բոլոր ստեղծագործ անհատներին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում