Կղերաֆեոդալական էլիտան ԼՂ հարցը օգտագործել է ՀՀ-ում իշխանությունը զավթելու համար. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

1996 թվականի դեկտեմբերի 3-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ձևավորվել է «կոնսենսուս մինուս 1» իրավիճակ, որտեղ «մինուս 1»-ը ՀՀ-ն է, ում միջազգային հանրությունն ասել է, որ ԼՂ-ի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի հիման վրա, և ԼՂ-ն պետք է բարձր ինքնակառավարման կարգավիճակ ստանա Ադրբեջանի կազմում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 13-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝ Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթին քչերն են ծանոթ, և որ նույնիսկ փորձագիտական մակարդակում մի քանի մարդ է այն կարդացել: Վարչապետը նաև ընթերցեց գագաթնաժողովի շրջանակում ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, որը կազմվել էր գագաթնաժոովի արդյունքներով, և որում նշվում է, որ «ԼՂ-ին կշնորհվի Ադրբեջանի կազմում ամենաբարձր մակարդակի ինքնակառավարում»:

Ըստ Փաշինյանի՝ Լիսաբոնի գագաթնաժողովի այս հայտարարությունը ԼՂ խնդրի կարգավորման՝ միջազգայնորեն ընդունված Սահմանադրությունն է:

«Հայկական իրականության մեջ «ԼՂ ինքնորոշում հասկացությունը» սխալ է հասկացվել, «ԼՂ կարգավիճակ» հասկացությունը սխալ է հասկացվել: Թե՛ մեկը, թե՛ մյուսը նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իսկ հայկական իրականության մեջ այս ամենը սխալ է հասկացվել, որովհետև 1996 թվականից հայ հանրությունը հասանելիություն չի ունեցել այդ փաստաթղթին: 1996 թվին նույնիսկ ինտերնետ չի եղել, նույնիսկ նորմալ էլեկտրոնային փոստ չի եղել, սոցիալական ցանցեր չեն եղել:

Եվ ի՞նչ է տեղի ունեցել այս պայմաններում: Տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է, մոլորեցրել է իշխանությունը զավթելու և պահելու համար: Սա է ամբողջ ճշմարտությունը ԼՂ-ի մասին: Սա է ճշմարտությունը: Կղերաֆեոդալական էլիտան, Լիսաբոնի փաստաթուղը թաքցնելով և նենգափոխելով, ԼՂ հարցը օգտագործել է Հայաստանում իշխանությունը զավթելու և պահելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում