ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից 5351-ն արդեն աշխատանքի են տեղավորվել

ԱԱնժելիկա Ժամհարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը և մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը հումանիտար կենտրոնում այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ներկայացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աշխատանքի և զբաղվածության, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասներ։

Ինչպես նշել է Ռուբեն Սարգսյանը, ԼՂ-ից բռնի տեղահանվածներից արդեն իսկ աշխատանքի է տեղավորվել շուրջ 5351 անձ՝ մշակող արդյունաբերության, կրթության, սպասարկման և ծառայության, շինարարության և այլ ոլորտներում: Ըստ նրա՝ դեկտեմբերի 4-ի դրությամբ Միասնական սոցիալական ծառայության 49 կենտրոններում հաշվառվել է աշխատանք փնտրող 3929 անձ, որից 3737-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ, 1608-ը՝ աշխատանքի տեղավորման ուղեգիր, ինչի արդյունքում 438-ն այս պահի դրությամբ արդեն իսկ աշխատանք ունի:

Փոխնախարարը տեղեկացրել է, որ մշակվում են զբաղվածության ապահովմանը միտված երկու ծրագրեր, որոնք գտնվում են վերջնականացման փուլում: Հաստատվելու հետո կգործեն 2024 թ.-ից: Նշվել է նաև, որ առողջապահության և կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարությունները նույնպես հատուկ միջոցառումներ են իրականացնում համապատասխան ոլորտային մասնագետների զբաղվածության աջակցության նպատակով: Բացի այդ, զբաղվածության տարբեր ծրագրեր են իրականացվում են և նախատեսվում միջազգային գործընկերների հետ: Ռուբեն Սարգսյանը հայտնել է նաև, որ այս պահին տարբեր ոլորտներում առկա է առնվազն 5000 թափուր աշխատատեղ: Մանրամասներին ծանոթանալու համար քաղաքացիները կարող են այցելել Միասնական սոցիալական ծառայության կենտրոններ կամ www.e-work.am կայք:

Զարուհի Մանուչարյանը ներկայացրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և մայրության նպաստների նշանակման ընթացակարգերը: ՀՀ-ում խնամքի նպաստ նշանակելու համար ժամանակավոր պաշտպանություն ստացած մեր հայրենակիցը կարող է դիմում ներկայացնել դեկտեմբերի 11-ից: ՀՀ օրենսդրությամբ խնամքի նպաստի նշանակումը տարբերակված է՝ հաշվի առնելով երեխան ծնվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, թե դրանից հետո։ Ըստ այդմ՝ ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստ կնշանակվի, եթե ծնողը ՀՀ գործատուի մոտ գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ երեխան գտնվում է ՀՀ-ում:

2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի խնամքի կապակցությամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած հայրենակցին խնամքի նպաստ կնշանակվի անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից։ Խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքը հաշվի կառնվի միայն խնամքի չափը որոշելիս: Ընդ որում, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին խնամքի նպաստը օրենքով նշանակվում և վճարվում է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ շուտ՝ երեխայի և ծնողի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու դեպքում: Ինչ վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստին, ապա ՀՀ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականը կարող է դիմել, եթե ծնողը և երեխան ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում երեխայի ծննդյան միանվագ նպաստ չի նշանակվել։ Դիմումները կընդունվեն դեկտեմբերի 11-ից։

«Եվ վերջում նաև մայրության նպաստի մասին՝ ՀՀ-ում մայրության նպաստի նշանակման համար անձը կարող է դիմել, եթե ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով և ԼՂ-ում նրան մայրության նպաստ չի նշանակվել։ Եթե անձը չի աշխատում և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի, խոսքը 140 օրվա մասին է, կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում, ապա մայրության նպաստ նշանակելու համար կարող է դիմել 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հետո՝ 140 օրվա ընթացքում։ Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում մայրության նպաստ չի նշանակվելու»,- ասել է Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ սահմանված ժամկետում մայրության նպաստ նշանակելու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն։

Նախարարի մամուլի քարտուղարը տեղեկացրել է նաև, որ դիմումին անհրաժեշտ է կցել ՀՀ բժշկական կազմակերպության կամ ԼՂ-ում գտնված բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը։ Աշխատող մայրերին մայրության նպաստն ընդհանուր կարգով նշանակելու, հաշվարկելու և վճարելու է գործատուն։

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում