ԼԼուսինե Մուրադյան

Փաշինյանը՝ Հայաստան մուտքը ԼՂ բնակիչների համար արգելելու տեղեկության մասին

Փաշինյանը՝ Հայաստան մուտքը ԼՂ բնակիչների համար արգելելու տեղեկության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ այն տեղեկատվությանը, թե Հայաստանի Հանրապետությունը արգելել կամ փակել է մուտքը, որպեսզի տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ քաղաքացիները չգան Հայաստան:

«Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է: Այդ ողջ ընթացքում, այս պահին էլ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել: Սա շատ կարևոր արձանագրում է: Այսինքն՝ այսպիսի թեմա չի եղել:

Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ տարբեր սցենարներ են քննարկվել, ընդհուպ հյուրանոցների համարներ են ամրագրվել, մի քանի տասնյակ հազար մարդու համար կեցավայրեր են պատրաստվել:

«Մյուս կողմից, հարգելի՛ հայրենակիցներ, ես այս թեմայով ուզում եմ ձեզ հետ շատ բաց ու ազնիվ խոսել: Նախորդ շրջանի իմ ելույթներում Ադրբեջանին մեղադրել եմ այն բանի համար, որ նրանք ԼՂ-ն էթնիկ զտումների են ուզում ենթարկել: Այսինքն՝ երկար ժամանակ է՝ այս մեղադրանքով ենք մենք հանդես գալիս Ադրբեջանի դեմ: Եվ հիմա, երբ որ վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, բայց այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու առիթ չունենա: Այսինքն՝ ասի, որ այ, տեսե՛ք, Հայաստանը, ՀՀ-ն, Հայաստանի հանրությունը, ԼՂ հայությունն իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա, և որոշեցին ու դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է:

Բայց, մյուս կողմից, իհարկե, ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ իրեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ հանրապետությունում 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել:

«Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել: Որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այսօր՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- ասաց նա:

1200-1300 երեխա գտնվում են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, որոնց մասին հոգ է տարվում: Խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում