Մի հատ կանֆետի, մի ձվի կարոտ են. քաղաքացին՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին

ԼԼիլիթ Ասատրյան

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից, մինչև ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի մեկ տասնյակ կառույցների ներկայացուցիչները Կոռնիձորի սահմանային հատված են այցելել, որտեղ արդեն 9 օր է` հայկական 19 բեռնատար սպասում են հումանիտար օգնության` Լեռնային Ղարաբաղ տեղափոխմանը: Միջազգային կառույցի ներկայացուցիչներին ցույց է տրվել Ադրբեջանի կողմից ապօրինաբար տեղադրված անցակետը և ներկայացվել ստեղծված իրավիճակը:

Նախքան կառույցի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների այցը` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների վերաբերյալ հաղորդումներով: Գուտերեշը հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ և կոչ է անում հրատապ միջոցներ կիրառել` կարիքավորներին հումանիտար օգնության մատակարարման հասանելիությունը ապահովելու համար:

Արդեն Կոռնիձորում իրավիճակին ծանոթանալուց հետո Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարը հումանիտար ճգնաժամի վերաբերյալ «Լուրերի» հարցին ի պատասխան միայն գլխավոր քարտուղարի հայտարարությունն է մեջբերել և նշել.

Նաննա Սկաու (Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար) - Ես չեմ կարող ավելին ասել, քան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունն է: Մենք ակնկալում ենք, որ այդ հայտարարությունը դրական արդյունքների կհանգեցնի:

Հայաստանի ԱԳՆ ներկայացուցչի դիտարկմամբ` նման այցերը լավ առիթ են, որ միջազգային կառույցների ներկայացուցիչները հենց տեղում գնահատեն իրավիճակը և հավաստիանան, որ միջանցքը լիովին փակ է ցանկացած տեսակի հումանիտար շարժման համար: Հայաստանը մեծ ակնկալիքներ ունի, որ միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի վրա հնարավորություն կտա վերաբացելու միջանցքը և թույլ տալու հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

Դավիթ Կնյազյան (ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետի պաշտոնակատար) - Դա շատ կարևոր է այն առումով, որ ի ցույց դնենք` Ադրբեջանի հայտարարությունները, թե միջանցքը բաց է, կեղծիք են, որ ի ցույց դնենք` Ադրբեջանը չի կատարում իր` իրավական ուժ ունեցող պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային հումանիտար իրավունքով և արդարադատության միջազգային դատարանի հայտնի որոշումներով:

Այնուհետև ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Գորիս, որտեղ Սյունիքի մարզպետի տեղակալը ևս ներկայացրել է իրավիճակը, պատասխանել նրանց հարցերին:

Հայկ Հարությունյան (Սյունիքի մարզպետի տեղակալ) - Դժվար թե ինչ-որ մեկը պատկերացներ, որ մենք 21-րդ դարում ականատես կլինենք մի խոսույթի, որն Ադրբեջանն է առաջ քաշել. դա այսպես կոչված «ինտեգրումն» է՝ սովամահության ճանապարհով:

ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչները նաև հանդիպել են քաղաացիների հետ, որոնց հարազատները Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ են և հումանիտար լրջագույն խնդիրների են բախվում:

«Կյանքի ճանապարհը բացեք գնանք»:

«Ինձ էլ հարազատներ ունեմ, ախպերս, ախպորս խոխեքը, ասումա մի հատ կանֆետի, մի ձվի կարոտ ենք, քեռու խոխերքը, լրիվ ընդեղ են»:

ՄԱԿ ներկայացուցիչները լսել և գրանցել են բարձրացված հարցերը:

Հեղինակներ` Նիկոլայ Ավետիսյան, Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում