Ֆրանսիան որոշել է Կիևին տրամադրել հեռահար հրթիռներ

ԴԴավիթ Մուրադյան

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքի անդամները գագաթնաժողովի մեկնարկին ողջունել են Ֆինլանդիային ու Շվեդիային։ Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է ամենակարճ ժամկետում Շվեդիային ընդունել ՆԱՏՕ: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի խորհրդարանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին հավանություն տալ մինչև հուլիսի 21-ը: Տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները տեսաշարում:

ԱՄՆ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։ Ճեպա-զրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: Մեթյու Միլլերի խոսքով` Վաշինգտոնը նախկինի պես հավատում է, որ համա-ձայնագիրը հնարավոր է, և ակնկալում է առաջիկա ամիսներին տեսնել բանակցությունների շարունակությունը:

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ

Իսրայելում այսօր առավոտյան ցուցարարները փակել են ճանապարհներ և ցույց են անցկացրել Բեն Գուրիոն օդանավակայանում՝ դժգոհելով դատաիրավական բարեփոխումների վիճահարույց փաթեթը Կնեսետում առաջին ընթերցմամբ ընդունումից։ Ցուցարարները մի շարք մայրուղիներ են փակել Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում: Ճանապարհներից մեկում ցուցարարները վրաններ են տեղադրել և անվանդողեր այրել: Ոստիկանները նրանց բռնի ուժով հեռացրել են մայրուղուց:

Իսրայելի խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ ձայների 64 կողմ և 56 դեմ հարաբերակցությամբ ընդունել է դատաիրավական բարեփոխումների փաթեթը: Ընդդիմադիր ուժերը պնդումն են, որ դրանց միջոցով խախտվում է իշխանությունների բաժանման սկզբունքը, և կառավարությունը վերահսկողություն է ստանում դատական իշխանության նկատմամբ: Նեթանյահուի հակառակորդները նշել են՝ դատական բարեփոխումը կարող է սպառնալիք դառնալ Իսրայելում ժողովրդավարության համար։

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը պարբերաբար անցկացվում են հունվարի կեսից։ Կառավարության և ընդդիմության բանակցությունները փոխզիջման չեն հանգեցրել։

ՖՐԱՆՍԻԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՄԵԾ ՀԵՌԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է մեծացնել զենքի և զինտեխնիկայի մատակարարումները Կիևին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կսկսի մատակարարել մեծ հեռահարության հրթիռներ՝ տարածքը պաշտպանելու համար։

«Այսօր կարևոր է Ուկրաինային աջակցելու, ՆԱՏՕ-ի միասնությունը ցույց տալու և այդ պատերազմում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու մեր վճռականության մասին ազդանշաններ ուղարկել»,- հավելել է Մակրոնը։

Նրա ելույթին անդրադարձել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Փարիզի այդ որոշումը սխալ է․ Մոսկվան կպատասխանի նման գործողություններին։

ԱՄՆ-Ը ԿՈՂՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԵՄ-ԻՆ. ՍԱԼԻՎԱՆ

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության և ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցերը փոխկապակցված չեն՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«ԱՄՆ-ը ավելի վաղ հանդես էր գալիս Եվրոպայի հետ Թուրքիայի բանակցությունների վերսկսման օգտին։ Նախագահ Ջո Բայդենը սկսել է զբաղվել այս թեմայով ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը բարձրացնելուց շատ առաջ։ Այնպես որ, որքան մեզ հայտնի է, այդ թեմաները փոխկապակցված չեն»,- ասել է Սալիվանը։

«Իհարկե, բանակցությունները պետք է շոշափեն այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են կայուն ժողովրդավարության համար, դրանով է անցնում ԵՄ յուրաքանչյուր հնարավոր անդամ, այդ թվում՝ Թուրքիան»,- ասել է ԱՄՆ նախագահի օգնականը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Եվրամիության անդամ դառնալու Անկարայի ցանկությանը, սակայն դա չպետք է խանգարի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը։

Սպիտակ տան դիրքորոշումը ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է նաև Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Նա նշել է, որ Վաշինգտոնը մշտապես աջակել և աջակցում է Անկարայի ձգտումներին՝ դառնալու ԵՄ լիիրավ անդամ:

ՌԴ-Ն ԵՐԲԵՔ ՉԻ ՄՈՌԱՑԵԼ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ Է. ԶԱԽԱՐՈՎԱ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` ամփոփելով Թուրքիայի նախագահի և Շվեդիայի վարչապետի հետ հանդիպումը:

«Ուրախ եմ հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ փոխանցել Ազգային մեծ ժողով և ապահովել վավերացումը: Սա պատմական քայլ է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դարձնում է առավել ուժեղ և անվտանգ»,- գրել է նա:

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու Անկարայի համաձայնության արձագանքել է Մոսկվան: «Ռուսաստանը երբեք չի մոռացել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա ասել է, որ իրավիճակի վերաբերյալ Մոսկվայում դատողություն են անում ըստ քայլերի և կատարում համապատասխան հետևություններ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում