ՄԻՊ-ին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը երկրորդ նիստն է անցկացրել

ՄՄայա Խաչատրյան

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը երկրորդ նիստն է անցկացրել: Քննարկել են ոլորտի խնդիրները՝ հեռանկարում նպատակ ունենալով ձևավորել իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ կանանց իրավունքներին վերաբերող հարցերի լուծման համար կառույցը կարող է կամուրջ դառնալ քաղհասարակության և պետական մարմինների միջև:

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստի օրակարգում կանանց իրավունքների պաշտպանության հարցերն են: 2022-ին խորհրդի ստեղծումից հետո սա երկրորդ նիստն է: Պաշտպան Անահիտ Մանասյանի խոսքով՝ խորհրդի նպատակն է՝ նպաստել կանանց իրավունքների պաշտպանությանը, տարբեր գործընթացներում խթանել կանանց ներգրավվածությունը:

Անահիտ Մանասյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) -  Այս խորհուրդը կարևոր է այն առումով նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր, այսինքն՝ անկախ պաշտոնատար անձին առընթեր, այն միավորում է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և սա շատ կարևոր հարթակ է տարբեր դիտանկյուններից քննարկելու այս ոլորտում եղած հարցերը և նաև լուծելու խնդիրները:

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդն իրականացրել է իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության խթանմանն ուղղված միջոցառումներ: Տեղի են ունեցել իրազեկման արշավներ, կազմակերպվել իրավական կանոնակարգումների փոփոխություններին վերաբերող աշխատանքներ:

Արփինե Սարգսյան (ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ) -  Մեզ համար անչափ կարևոր է իրավապահ համակարգում ունենալ կանանց ներգրավվածության բարձր մակարդակ, և մեր թիրախն էր սկսել պարեկային ծառայությունից, որպեսզի ծառայությունը, որը նոր ստանդարտներով միակ ծառայությունն է ոստիկանության համակարգում, փորձենք այս լավ օրինակի վրա ունենալ գործողություններ, որ հետագայում կարողանանք տարածել ամբողջ համակարգում:

Ներքին գործերի փոխնախարարի խոսքով՝ իրազեկման արշավի ու նաև համատեղ ջանքերի արդյունքն է, որ պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար ունեն 900 կին դիմորդ:

Արփինե Սարգսյան - Սա շատ խոսուն թիվ է, ոչ միայն կենտրոնացել ենք իրազեկման միջոցառումների վրա, հետևելով գործողությունների ծրագրին, ձեռնարկել ենք օրենսդրական փոփոխություններ, որոնք կխթանեն կանանց ներգրավվածությունը պարեկային ծառայությունում:

Պաշտպանի խոսքով՝ գործունեության կարճ ժամանակահատվածում խորհրդի ուշադրության կենտրոնում են եղել կանանց նկատմամբ բռնության, աշխատանքային միջավայրում ինտեգրման հարցերը, որոնք, ըստ Մանասյանի, կարևոր են իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ձևավորելու տեսանկյունից:

Անահիտ Մանասյան -  Թիրախային հետագա աշխատանքը, մենք այլ խնդիրներ ենք հասցեավորելու, մասնավորապես, քրեակատարողական տարբեր հաստատություններում կանանց իրավունքների պաշտպանությանը, տնտեսապես հզորացմանը վերաբերող հարցեր: Ակնհայտ է, որ կանանց իրավունքների և ներգրավվածություն խթանումը պայմանավորված է, թե ինչքանով են տնտեսապես անկախ, կարողանանք նաև կանանց նկատմամբ բռնության հարցերը հասցեավորել: Նոր թափով պատրաստվում ենք գործողություններ իրականացնել:

Պաշտպանի խոսքով՝ իրենց նպատակն է նաև ձևավորել համագործակցային մշակույթ: Պաշտպանի գրասենյակն այդ առումով, ըստ Մանասյանի, կարող է կանանց իրավունքների հարցերի լուծման համար քաղհասարակության և պետական մարմինների միջև կամուրջ դառնալ: Իսկ նիստերը կհրավիրվեն ըստ խնդիրների ծագման և ըստ անհրաժեշտության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում