600 աշակերտ մասնակցել է «Իմուն պարեկ» ծրագրին

ԱԱրսեն Մկրտչյան

Նոր, ուսուցողական ծրագիր, որն առաջին անգամ փորձարկվել է Երևանի և Կոտայքի դպրոցներում: Երեխաներին խաղային դասի միջոցով առողջապահական գիտելիքներ են փոխանցում: Ավելի պարզ՝ իրազեկում են պատվաստումների, իմունիզացիայի, ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կարևորության մասին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Իմուն պարեկ» ծրագիրը, որ նախատեսված է դպրոցականների համար, առաջինը փորձարկել է Հայաստանը: ԱՀԿ Եվրոպական ենթատարածաշրջանի երկրների ներկայացուցիչներն այստեղ են՝ մեր երկրի փորձին ծանոթանալու և իրենց երկրներում նույնպես կիրառելու համար:

ՆԻՅԱԶԻ ՉԱՔՄԱԿ (ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ) - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջերս մշակեց այս ծրագիրը, որպեսզի երեխաները տեղեկանան վակցինացիայի, իմունիզացիայի և ինֆեկցիոն հիվանդությունների մասին, որովհետև ապագայում իրենք էլ կդառնան ծնողներ և որոշումներ կընդունեն իրենց երեխաների վերաբերյալ: Սա ազգի, երկրի ապագայի համար արվող ներդրում է:

Երեխաների խոսքեր - Ավելի շատ կանոններ մտցրեց իմ կյանքի մեջ, որպեսզի ավելի զգույշ լինեմ..

- Ես կփորձեմ ավելի շատ խոսել պատվաստումների մասին, որ պատվաստումները... 

Եվրամիության աջակցությամբ իրականացվող «Իմուն պարեկ» ծրագիրը Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը որպես նախկին ուսուցիչ է գնահատում:

ԱՆԴՐԵԱ ՎԻԿՏՈՐԻՆ (Հայաստանում Եվրամիության դեսպան) - Սա սովորեցնելու լավագույն միջոցն է, քանի որ իրականացվում է խաղի ձևով, որտեղ ներգրավվում են երեխաներն ու երիտասարդները: Այստեղ համատեղվում են առողջապահությունը և կրթությունը: Քանի որ շատ է ապատեղեկատվությունը, կարևոր է, որ երեխաները սովորեն ստուգել փաստերը, և այդ հմտությունը ապագայում կօգնի նրանց աշխատել, ընդունել ճիշտ որոշումներ:

6 դասաժամի համար նախատեսված խաղային ծրագիրը փորձարկվել է Երևանի և Կոտայքի 5 դպրոցներում՝ 7-8-րդ դասարանների 600 սովորողի մասնակցությամբ:

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆ (ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ) - Մենք արդեն իսկ սկսել ենք աշխատել մեր գործընկերների հետ, որպեսզի մեր դպրոցներում խոսեն առողջ ապրելակերպի մասին, թե ինչքան վտանգավոր կարող են լինել ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ինչքան կարևոր է ֆիզիկական ակտիվությունը: Եվ կարծում եմ՝ այս ծրագիրը համալրում է այս ընդհանուր մոտեցումը մեր երեխաներին կրթելու և առողջ սերունդ մեծացնելու համար: 

«Իմուն պարեկ» նորարարական խաղային մոդուլներն ընդգրկվելու են հանրակրթության նոր չափորոշիչներով նախատեսված «Առողջ ապրելակերպ» դասընթացի մեջ, որը կվարեն այս ուղղությամբ վերապատրաստված ուսուցիչները:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում