Արգիշտի Քյարամյանը՝ Դիլիջանի քրեական հետախուզության բաժանմունքի պետի մասնակցությամբ միջադեպի մասին

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այսօր խորհրդարանում 2022 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ անդրադարձավ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից ծեծի ենթարկված 16-ամյա անչափահասի դեպքին՝ տեղեկացնելով, որ գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունց ազատվել տեսանյութում երևացող անձը։

«Պետք է նշեմ, որ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավասությունը ՔԿ-ի լիազորությունների տիրույթից դուրս է, բայց, այնուամենայնիվ, որպեսզի պարզ լինի, կուզեմ ներկայացնել ՔԿ-ի ու անձամբ իմ մոտեցումը այդպիսի երևույթներին։ Մարզային քննիչն է միջնորդություն ներկայացրել, ու, ընդհանուր առմամբ, ՔԿ-ի մոտեցումներին հակասող մոտեցում է, դա մենք չենք ընդունում, ու ընդհանուր մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ»,- հայտարարեց Քյարամյանը։

Իրավական տեսանկյունից, սակայն, օրենքը տալիս է այդ հնարավորությունը, որ առաջին անգամ ոչ մեծ ու միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից։

«Ինչքան էլ այս հնարավորությունը կա, այնուամենայնիվ, դա հայեցողական է, ՔԿ-ի մոտեցումներին չի համապատասխանում կայացված որոշումը։ Ես գիտեմ, որ հանրության շրջանում բացասական արձագանք է գտել այդ երևույթը, ու այդ առումով պատրաստ եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր այս դեպքով հիասթափվել են իրավապահ համակարգի աշխատանքից»,- ընդգծեց ՔԿ նախագահը։

Հիշեցնենք, որ 16-ամյա անչափահասին ծեծած Դիլիջանի քրեականի պետ Արսեն Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումն այսօր վերացվել է: Դատախազի որոշմամբ՝ Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար: Վարույթն իրականացնող քննիչին տրվել են քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ փոփոխություն կատարելու, ազատության մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու հանձնարարություններ: Դատախազությունը պահանջել է քննության առարկա դարձնել բոլոր հնարավոր վարկածները, պարզել տեղի ունեցածի իրական պատճառները: «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում էլ սկսվել է ուսումնասիրություն՝ անչափահասներին աշխատանքի ընդունելու օրենքով սահմանված կարգի հնարավոր խախտումները վեր հանելու և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով:

Նաև նշենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ապրիլի 10-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումը ստացվել է մայիսի 10-ին: Արսեն Ղայթմազյանի գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդում չէր հարուցվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում