Հրաժարական չեմ տա, քանի դեռ բարենպաստ պայմաններ չկան. Արցախի նախագահն ուղերձ է հղել

ՆՆարեկ Սահակյան

Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեծապես խորացնում է Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները, հայտարարել է Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը նշել է՝ անընդունելի է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստն անտեսող ցանկացած հայտարարություն և փաստաթուղթ։

Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ) - Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, քանի որ դա է մեր ժողովրդի կամքը, որն ունի բավարար վճռականություն՝ իր իրավունքների ու շահերի համար պայքարելու: Վստահ եմ, որ պայքարողը միայնակ չի մնում, և ոչ միայն համայն հայությունն է շարունակելու սատարել մեր պայքարին, այլև միջազգային դաշտում նույնպես կգտնվեն արժեքահեն աջակիցներ: Այո՛, իրավիճակը ծանր է, բայց ոչ՝ անելանելի, և Արցախի իշխանությունները կատարում և կատարելու են հնարավոր գործնական քայլերը արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ 163 օր շարունակ Արցախն ապրում է ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում, որն ահագնացող հումանիտար աղետ է՝ լի քաղաքական մարտահրավերներով ու անվտանգային սպառնալիքներով: Այս ամենի հետ մեկտեղ աճում են Բաքվի` ռազմական նոր ագրեսիա հրահրելու և էթնիկ զտման իրականացման նկրտումները:

Ստեղծված իրավիճակում Արցախի նախագահը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ու քաղաքացիներին, Արցախի քաղաքացիներին և սփյուռքի հայերին:

Արայիկ Հարությունյան - Գիտակցելով հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության խոցելի վիճակը՝ մենք ըմբռնումով ենք մոտեցել տարբեր զարգացումների և գիտակցաբար կրել ու կրում ենք բազմաթիվ զրկանքներ չեզոքացնելու համար մեզ ճնշելու միջոցով Հայաստանի Հանրապետությանը զիջումներ պարտադրելու բոլոր փորձերը: Սակայն կան հստակ սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց խախտումներն անընդունելի և անթույլատրելի ենք համարում: Եվ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը այդ կարմիր գծերից է, որը, վստահ ենք, համայն հայության գերակշիռ մասի համար մնում է այդպիսին: Արցախին առնչվող գործողություններում ու դիրքորոշումներում Հայաստանի Հանրապետության համար գլխավոր ուղենիշը պետք է լինի Արցախի ժողովրդի կամարտահայտությունը, որն աներկբա կերպով դրսևորվել է անկախության և սահմանադրական հանրաքվեներով՝ Հայաստանի Հանրապետության և ողջ հայ ժողովրդի անվերապահ սատարմամբ: Իսկ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունից լրիվ անջատ տրամաբանությամբ և Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի հաշվին, որոնք, ի դեպ, կազմում են համայն հայ ազգի կենսական իրավունքների ու շահերի անբաժանելի ու կարևոր մասը:

Արայիկ Հարությունյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և Վլադիմիր Պուտինին՝ պահանջելով ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացել Լաչինի միջանցքը, ազատել Արցախի 120 հազար բնակչությանը պատանդությունից:

Արայիկ Հարությունյան - Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դադարեցնում է նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացը. հրաժարական չի տա այնքան ժամանակ, մինչև դրա համար բարենպաստ պայմաններ չլինեն:

Արայիկ Հարությունյան - Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով: Պաշտպանության պետական կոմիտե կամ կառավարման նմանօրինակ մարմիններ պարզապես չեն կարող ստեղծվել: Պատրաստ եմ բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, որոնք ունեն պետության ներքին ու արտաքին քաղաքականության առնչությամբ տեսակետներ, գաղափարներ ու առաջարկներ: Այդ համագործակցության ինստիտուցիոնալ հիմնական հարթակը Անվտանգության խորհուրդն է, որտեղ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են իմ կողմից հրավիրվել բոլոր ուժերի ներկայացուցիչները՝ առանց բացառության: Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է:

Արցախի նախագահը հայտարարել է՝ սահմանափակելու է հավաքների ազատությունը, անընդունելի համարել այսպիսի վտանգների պայմաններում գործողությունները՝ առանց հաշվի առնելու Արցախի շահերն ու արցախցիների համար հետևանքները:

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

30 հազար դրամի աջակցությունը դեկտեմբերից հետո կշարունակվի ևս 3 ամիս. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների աջակցության մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Ակնկալում ենք, որ կողմերը հավասարաչափ հոգատարությամբ հանդես կգան խաղաղության նկատմամբ. Սոնա Ղազարյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Վարձավճարի մասնակի հատուցում՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցության ծրագրերի իրականացման նպատակով 2025-ին պետբյուջեից ծախսվել է 45 մլրդ 700 մլն դրամ. Խաչատրյան

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

Այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ. ՆԳ նախարարի տեղակալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում