ՀՀ-ում կներդրվի բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ. նախագիծը հաստատվեց

ԼԼուսինե Մուրադյան

Կառավարության՝ մայիսի 4-ի նիստին հավանության արժանացավ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում ներդնել բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգ, ինչի շնորհիվ վերջիններս հնարավորություն կստանան ինքնուրույն մասնագիտական գործունեությամբ զբաղվելու:

Ներկայումս բուժաշխատողները անհատական լիցենզիա չեն ստանում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզիա ստանում են բժշկական հաստատությունները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքը կարևոր է, քանի որ լիցենզիան այն փաստաթուղթն է, որով իրացվում է բժշկի՝ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքը:

«Մենք չունենք լիցենզավորման համակարգ, և այլ երկրներում բժշկի լիցենզիա չունենալը դիտարկվում է տարօրինակ երևույթ: Իհարկե, մենք հավաստում ենք նրա կրթության վկայագիրը՝ դիպլոմը, բայց լիցենզիան այն փաստաթուղթն է, որը ճանաչում է բժշկի՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց՝ նախաձեռնությունը լավն է, բայց ապագայում առողջապահական ծառայությունների մատուցումը համացանցով շատ տարածված է լինելու, և արդեն իսկ պետք է մտածել՝ ինչպես կարգավորել դաշտը:

«Ես դեմ չեմ, բայց ես չեմ ուզում մենք վիրտուալ իրականության մեջ ապրենք, այսինքն՝ լիցենզավորենք, բայց պարզվի, որ ծառայություն հնարավոր է մատուցել առանց լիցենզիայի»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բուժօգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն տալ պացիենտին՝ իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի թույլ տված սխալի դեպքում սահմանափակել նրա գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) և ռազմաբժշկական հետբուհական ուսուցում իրականացնող հաստատություններում ուսումնառող անձանց իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում