Երևանում արտաքին գովազդի թույլտվության կարգը կփոխվի

ԼԼիլիթ Ասատրյան

10 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿՈՒՂՂՎԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐԻՆ

Երևան համայնքին կառավարության տրամադրած մոտ 10 միլիարդ դրամը կուղղվի կապիտալ ծախսերին. ավագանու հերթական նիստում հայտարարեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: 4.7 միլիարդը նախատեսված է վերելակները փոխարինելու համար:

Լևոն Հովհաննիսյան (Երևանի քաղաքապետի առաջին տեղեկալ, քաղաքապետի պաշտոնակատար) - Ընդհանուր առմամբ 25 և ավելի տարի շահագործվող վերելակների քանակը 4 239 է: Այս պահի դրությամբ մենք արդեն իսկ փոխարինել ենք 1041 վերելակ: Այս տարվա ծավալը հաշվի առնելով` ընդհանուր փոխարինված վերելակների թիվը կհասնի 1614-ի: Նաև այս թիվը շատ հավանական է, որ կավելացնենք այս տարի սեփական միջոցների հաշվին:

Այդ գումարով կհիմնանորոգվեն մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, այգիներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կկառուցվեն շատրվաններ և կբարեկարգվի շրջակա տարածքը, Նոր Խարբերդ թաղամասում կսկվեն գազատարի կառուցման աշխատանքներ` առաջին փուլում՝ 10.6 կմ երկարությամբ: Արդյունքում, արդեն այս տարեվերջին գազամատակարարում կունենա 250 տուն կամ ընդհանուրի 10 տոկոսը: Այս ծրագրերի մասին նախագիծը, ինչպես և հետագա բոլոր նախագծերը, ընդունվեցին, բայց ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց՝ դեմ է քվեարկելու դրան, քանի որ ծախսերի վերաբերյալ տեղեկություն պահանջելու և չստանալու արդեն մի քանի փորձ ունի:

Իզաբելլա Աբգարյան (Երևանի ավագանու անդամ) - Հարգելի քաղաքացիներ, որպես Երևանի ավագանու անդամ` խոչընդոտվում է իմ կողմից ձեր պատվերով տարվող ֆինանսական ծախսերի վերահսկողությունը, տվյալներ են փորձում թաքցնել, խոչընդոտել իմ գործունեությունը, դրա համար այս նախագծին քվեարկելու եմ դեմ և այսուհետ բոլոր նախագծերին, որտեղ բյուջեից ծախս է լինելու:

Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Ես անկեղծորեն շատ ուրախ եմ, որ ավագանու անդամը սկսել է հետաքրքրվել Երևան քաղաքում իրականացվող շինբարեկարգման աշխատանքներով, դրանց հետ կապված ընթացակարգերով, նախագծերի առկայությունով: Այս հարցին անդրադարձը պետք էր անել չորս տարի առաջ: Դուք սկսել եք խոսել էս թեմայի վերաբերյալ, երբ որ արդեն իսկ ստանդարտները սկսել են ներմուծվել մեր կողմից, առանց որևէ հուշման: Հետևապես, հարգելի ավագանու անդամին նաև կխնդրեմ և կհուշեմ, անդրադառնալ վերջին չորս տարիներին` մինչև 2022 թվականը, իրականացված շինբարեկարգման աշխատանքներին: Այ, այդտեղ կարող է և շատ հետաքրքիր փաստեր ի հայտ գան:

«ԱՋԱՓՆՅԱԿ» ԿԱՅԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Ավագանու անդամ Սերգեյ Գյոզալյանը հետաքրքրվեց՝ Մետրոյի նոր կայարանի կառուցման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքի քանի տոկոսն է կատարվել, որքան է կազմելու ամբողջ ծախսը, ու ինչու նոր կայարանի կառուցման համար որպես հիմք չընդունվեցին Խորհրդային Միության տարիներին արված նախագծա-նախահաշվային աշխատանքները, այլ նորը պատվիրելու համար տրամադրվեցին հսկայական գումարներ: Կառավարությունն ու քաղաքապետարանը միասին հատկացրել են մոտ 1 միլիարդ 800 մլն դրամ:

Տիգրան Ավինյան - Սովետական Միությունը փլուզվել է 90-ականներից, այդ ժամանակաշրջանից ի վեր մեր կյանքում շատ բաներ են փոխվել, տեխնոլոգիաներ են փոխվել, նախագծային նոր մեթոդներ են ի հայտ եկել՝ ավելի մոդեռն, ավելի հետաքրքիր ինժեներական լուծումներով:

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի ամբողջական նախագիծը կլինի տարեվերջին, իսկ շինարարության արժեքը Ավինյանը չնշեց՝ վերջնական հաշվարկներ դեռ չկան: Շուտով, ըստ նրա, մրցույթ է լինելու նաև «Սուրմալու»-ի հարակից հատվածում կայարանի նախագծման աշխատանքների համար: Իսկ մետրոյի հաջորդ հնարավոր կայարանը նախատեսվում է Նազարբեկյան թաղամասում:

Մարկոս Հարությունյան (Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ) - Պարոն Ավինյան, հավատում եմ, թե չեմ հավատում, դուք ինքներդ էլ բազմաթիվ անգամ համոզվել եք, որ ընդդիմադիր անդամ լինելով` բոլոր հրապարակային հարցազրույցներով ձեր մասին լավն եմ արտահայտվել, որովհետև լավն եմ տեսել ձեր կողմից: Անկեղծ եմ ասում՝ ես էդ Նազարբեկյան կայարանին չեմ հավատում:

«Ես էլ հավատում եմ», «Կապրենք, կտեսնենք» 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԿՓՈԽՎԻ

Քաղաքի տեսքն աղճատվում է բազմաթիվ արտաքին գովազդների պատճառով: Սա նույնպես արձանագրվեց ավագանու նիստում: Ընդունված նախագծերից մեկով լրամշակվել, հստակեցվել են արտաքին գովազդի չափորոշիչները:

Սուրեն Գրիգորյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Մարդիկ, մեր տնտեսվարողները, պետք է բոլորս հասկանանք, որ շենքի վրա գովազդը հյուր է, ոչ թե շենքի տեր: Այսինքն՝ գովազդը պետք է հարմարվի շենքին, հնարավորինս համեստ լինի, չփչացնի այն:

Արտաքին գովազդի նոր թույլտվություններն արդեն կլինեն նոր կարգով, իսկ մինչև այժմ տեղադրված գովազդները կարող են պահպանվել մինչև դեկտեմբերի 31-ը: Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հաստիքներն ավելացան երկուսով, երկուսն էլ՝ առաջին կարգի մասնագետի: Ընդհանուր՝ կլինի 15 աշխատակից: Աշխատանքի ծավալի մեծացման պատճառով 6 հաստիք էլ ավելացավ Տրանասպորտի վարչությունում՝ դառնալով 15:

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Ավագանու նիստում որոշումներ եղան նաև փողոցներ ու դպրոցներ անվանակոչելու մասին:

Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը կոչվեց կինոգործիչ Ֆրունզե Դովլաթյանի անունով, Դավթաշենի 2-րդ փողոցը՝ ակադեմիկոս Պարիս Հերունու: Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 1-ին փողոցն այսուհետև կկոչվի քանդակագործ Թերեզա Միրզոյանի անվամբ, 6-րդը՝ քանդակագործ Արա Հարությունյանի, իսկ 10-րդը՝ նկարիչ Սուրեն Սաֆարյանի:

Ավագանու որոշմամբ Ղուկաս Չուբարյանի հեղինակած «Սուրբ եղիցի անունը Քո» արձանը կտեղադրվի Մանկական այգում, Ավրորա Մարդիգանյանի հուշակոթող-քանդակը՝ Կոմիտասի անվան պանթեոնի հարակից տարածքում: Համար 180 դպրոցը կկրի արձակագիր, հրապարակախոս, գրականագետ Զապել Եսայանի անունը, իսկ համար 163 դպրոցը՝ գիտնական, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի անունը:

Հեղինակ` Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում