Տոկիոյի բնակիչները վայելում են ծաղկած բալենիները․ «Այլ լուրեր»

ՄՄարո Թարվերդյան

ՃԱՊՈՆԻԱ

ՏՈԿԻՈՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԾԱՂԿԱԾ ԲԱԼԵՆԻՆԵՐԸ

Տոկիոյի բնակիչները և օտարերկրյա զբոսաշրջիկները հավաքվել են Ուենո այգում՝ վայելելու ծաղկած բալենիները: Ճապոնիայի մայրաքաղաքն այս տարի, COVID-19 համաճարակից հետո առաջին անգամ, վերացրել է այգում հավաքների արգելքը:

Շոկո Կակուսակա (Տոկիոյի բնակիչ) - Զգացվում է, որ մեր առօրյան վերջապես վերադառնում է բնականոն հունի: Ես ինձ իսկապես երջանիկ եմ զգում և շատ լավ տրամադրություն ունեմ:

Ճապոնական բալենու կամ սակուրայի ծաղկունքը դիտելու համար ամենահայտնի վայրերից մեկում՝ Ուենո զբոսայգում, հավաքված մարդիկ ծառերի տակ խնջույքներ են կազմակերպել, լուսանկարվել, հաճելի ժամանակ անցկացրել: Ոմանք էլ խոստովանել են, որ եկել են տոնելու Ճապոնիայի բեյսբոլի թիմի հաղթանակն ամերիկյան թիմի նկատմամբ World Baseball Classic-ում:

Տաք եղանակը Տոկիոյում սովորականից ինը օր շուտ է սկսվել, ահա թե ինչու են սակուրաներն այսքան վաղ ծաղկել:

ՊԱՂԵՍՏԻՆ

ՍՐՃԱՐԱՆ-ԳՐԱԴԱՐԱՆ ԳԱԶԱՅՈՒՄ

Գազայի փոքրիկ սրճարանն իր հաճախորդներին հնարավորություն է տալիս մի պահ կտրվելու թվային աշխարհից՝ առաջարկելով անվճար գրքեր կարդալ ծովի ափին ըմպելիք վայելելիս:

«Ծովային ընթերցողների գրադարանը» հուսով է, որ այն կարող է խրախուսել ավելի շատ մարդկանց գրքեր կարդալ: Նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ մարդկանց հնարավորություն կտան փոխարինելու սոցիալական մեդիայում ծախսած ժամանակը սրճարանում գրքեր կարդալով, չնայած, որ գրքերի առաջարկվող տեսականին բավականին համեստ է:

Մումեն Թուման (սրճարան-գրադարանի սեփականատերը) - Ցանկանում էի, որ գրադարան ստեղծելիս ինչ-որ բան առաջարկեմ ընթերցողներիս, որը կկարողանան վայելել գիրք կարդալիս: Ահա թե ինչու, մտածեցի գրքի հետ խմիչք մատուցել` խթանելու ընթերցանության մշակույթը, որը մեր օրերում մի քիչ հետ է մնացել:

Գազայի բնակիչները պարզապես հասնում են սրճարան-գրադարան, գիրք ու մի գավաթ խմիչք են վերցնում և վայելում դրանք ջրի տեսարանին: Գոյություն ունեցող բոլոր տաղավարներն առաջարկում են տաք և սառը ըմպելիքներ, սենդվիչներ: Այցելուներին այս ամենը շատ է դուր գալիս, նրանք վստահեցնում են, որ գաղափարը հրաշալի է և նորություն է իրենց բնակավայրում:

ԻՍՊԱՆԻԱ

ՀՍԿԱՅԱԿԱՆ ԽԱՐՈՒՅԿՆԵՐՈՎ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՀԱՅՏՆԻ ՖԱԼԱՍԸ

Իսպանիայի Վալենսիա քաղաքում «Ֆալաս» կոչովղ փառատոնի եզրափակչի ժամանակ վառվել են թղթե մաշեից պատրաստված հսկա քանդակները:

Փառատոնի առանցքը հսկա «նինոտների», այսինքն` խամաճիկների կամ տիկնիկների ստեղծումն ու ոչնչացումն է:

Las Fallas թարգմանաբար նշանակում է «կրակներ»: Փառատոնն ազդարարում է գարնան գալուստը և նշում Սուրբ Հովսեփի օրն Իսպանիայի Վալենսիա քաղաքում: «Նինոտներ» կոչվող վիթխարի արձանները, որոնք պատրաստված են փայտից կամ պապիե-մաշեից, ներկայացնում են հայտնի հասարակական գործիչների երգիծական տարբերակները:

Լաուրա Մենգոն՝ այս տարվա Ֆալերայի քաղաքապետը, Լաս Ֆալասի ընտրված դեսպանը, վառել է վերջին խարույկը, որը մինչև վերջ այրել է Cardioversio Valenciana կոչվող նինոտը՝ հսկա սիրտը, որը խորհրդանշում է քաղաքի նոր զարկը՝ Իսպանիայում COVID-19 համաճարակի հարվածից հետո:

Ավանդույթի համաձայն, նինոտներից մեկը միշտ զերծ է մնում կրակից, և այս տարի դա La pirotecnica կոչվող ինստալյացիան էր: Այն ներկայացնում է մորը, որը խնամում է իր հիվանդ դստերը, երկուսն էլ ավանդական ֆալերայի զգեստով` պատշգամբից Վալենսիայի ամենամեծ հրավառությունը դիտելիս:

Ենթադրվում է, որ տոնակատարությունը սկիզբ է առել ձմռան ավարտն ազդարարող հեթանոսական տոներից և համարվում է հարգանքի տուրք Սուրբ Հովսեփին` ատաղձագործների սուրբ հովոնավորին, որը քանդակներ էր պատրաստում:

ԵԳԻՊՏՈՍ

ՄԱՏՉԵԼԻ ԳՆՈՎ ՍՈՒՇԻ ԿԱՀԻՐԵԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ

«Մի կտոր մատչելի սուշի». սա եգիպտոսցի գործարար Մուհամեդ Սամիրի կարգախոսն է: Նա իր սուշի հեծանվով շրջում է Կահիրեի տարբեր թաղամասերում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան համտեսելու մատչելի գնով առաջարկվող ճապոնական կերակրատեսակից:

Նախքան 2019 թվականը, երբ սկսել է հանդես գալ այս նախաձեռնությամբ, 29-ամյա երիտասարդն աշխատել է տարբեր ռեստորաններում և հյուրանոցներում:

Սուշիի սկուտեղը նա ամրացրել է իր հեծանվին: Ուտելիքը պաշտպանում է ապակե պատյանով: Վստահեցնում է, որ մարդկանցից շատերը նախընտրում են իրենից սուշի գնել, քան դրա համար ռեստորան այցելել:

Մուհամեդ Սամիր (սուշի հեծանվի սեփականատերը) - Իմ նպատակն է սուշի մատուցել այն մարդկանց, որոնք չեն կարող իրենց թույլ տալ թանկարժեք ռեստորաններում սուշի ուտել: Ես նրանց սուշի եմ տալիս փակ տուփի միջից, որը կարող եմ հեծանիվով տանել ցանկացած վայր՝, որպեսզի ցուցադրեմ ուտելիքը: Մարդիկ ամեն տեղից գալիս են սուշի փորձելու:

Ճապոնական խոհանոցը վերջերս մեծ ժողովրդականություն է վայելում Եգիպտոսում: Այնտեղ տարբեր ռեստորաններ են բացվել, որոնք մասնագիտացած են հենց սուշիի պատրաստման և մատուցման գործում:

ՄԵՔՍԻԿԱ

ՄԵՔՍԻԿԱՑԻՆԵՐԸ ԲՈՒՐԳԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԳԱՐՈՒՆԸ

Հազարավոր մարդիկ են հավաքվել Մեքսիկայի Տեոտիուականի ավերակների մոտ՝ դիմավորելու և ողջունելու գարնանային գիշերահավասարը, որն արևային նոր տարվա առաջին օրն է:

Օտարերկրյա և տեղացի ուխտավորները, որոնցից շատերը սպիտակ զգեստներ են հագել, բարձրացել են Արևի բուրգի գագաթին՝ նշելու այդ առիթը և ըմբոշխնելու արևային նոր տարվա արևի առաջին լույսը:

Դեռլի Վասկես (կոլումբացի զբոսաշրջիկ) - Սա  անհավանական էր: Դժվար է պատկերացնել, որ այս ամենը կարող էր գոյություն ունենալ հազարավոր տարիներ առաջ: Այստեղ գալը և մեր աշխարհի պատմությանը մի փոքր ծանոթանալը իսկապես տպավորիչ է: Ճիշտն ասած, այս վայրում լինելով՝ մեծ ուրախությամբ լցվեցի:

Ամեն տարի մարդիկ այցելում են Տեոտիուականի ավերակները, Մեխիկոյից մոտ 50 կիլոմետր դեպի հյուսիս՝ Արևի բուրգը բարձրանալու և արևի առաջին ճառագայթների ժամանակ ձեռքերը դեպի երկինք պարզելու համար: Շատերը կարծում են, որ նրանք հատուկ էներգիա են ստանում գիշերահավասարի արևից և բուրգից:

Տարին երկու անգամ՝ մարտի 20-ին կամ 21-ին և սեպտեմբերի 22-ին կամ 23-ին, արևը շողում է ուղիղ հասարակածի վրա, և ցերեկվա ու գիշերվա տևողությունը գրեթե հավասար է լինում։

Արևի բուրգն աշխարհում մեծությամբ երրորդ բուրգն է, կառուցվել է մոտ 2000 տարի առաջ, համարվում է մթնոլորտային երևույթների ժամանակ հավաքվելու համար նախատեսված վայր:

ՄԵՔՍԻԿԱ

ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԹԻԹԵՌՆԵՐԸ ՊԱԿԱՍՈՒՄ ԵՆ

Անցած տարի ձմեռելու նպատակով Մեքսիկայի անտառներ ժամանած թագավորական թիթեռների պոպուլյացիան նախորդ տարվա համեմատ նվազել է 22 տոկոսով: Այս մասին հայտնել են երկրի Ազգային պահպանվող տարածքների հանձնաժողովը և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը:

Միլիոնավոր նարնջագույն և սև թագավորական թիթեռներ ամեն տարի Մեքսիկա են գաղթում Կանադայից՝ անցնելով ավելի քան 3220 կմ ճանապարհ:

Սակայն 2022 թվականի դեկտեմբերին թիթեռները զբաղեցրել են ընդամենը 2,21 հեկտար՝ նախորդ ձմեռային սեզոնի 2,84 հեկտարի համեմատ: Ստացվում է, որ կլիմիայի փոփոխությունը զգալի ազդեցություն է ունեցել նաև թիթեռների միգրացիայի վրա:

Մեքսիկայի արևմտյան Միչոական նահանգում է գտնվում միապետ թիթեռների՝ երկրի ամենամեծ արգելոցը, որը զբոսաշրջության համար հիմնական գրավիչ վայրերից մեկն է համարվում:  

ԻՆԴՈՆԵԶԻԱ

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՕՐԱՆԳՈՒՏԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԴԵԼՖԻՆՆԵՐԻՆ

Ինդոնեզիայի Բոռնեո կղզում կառուցվող երկրի նոր մայրաքաղաքից ոչ հեռու բնապահպանը գետով անցնելիս բանանը նետում է դեպի պրիմատը, իսկ օրանգուտանը մի ձեռքով կախվում է ծառի ճյուղից, մյուսով փորձում բռնել միրգը:

Նա մեկն է այն 127 օրանգուտաններից, որոնց Բոռնեո օրանգուտանների գոյատևման հիմնադրամն օգնում է նորից ինտեգրվել վայրի բնություն Արևելյան Կալիմանտանի Սամբոջա թաղամասում: Նրանք արդեն կորցրել են իրենց նախկին բնական միջավայրը կղզում անտառահատումների պատճառով: Դրանք հաճախ կապված են արմավենու յուղի և փայտանյութի ստացման, նաև ածխի արդյունահանման վայրերի ընդլայնման հետ:

Սակայն հսկա կապիկները կարող են ավելի մեծ վտանգի առաջ կանգնել, քանի որ Ինդոնեզիան զրոյից կառուցում է Նուսանտարան՝ ավելի քան 32 միլիարդ դոլար արժողությամբ նոր մայրաքաղաքը՝ կենդանիների բնական միջավայրին շատ մոտ:

Ինդոնեզիայի կառավարությունը խոստացել է պաշտպանել վայրի բնությունը և նախագծի մեծ հատվածներում նորից անտառներ հիմնել: Նոր մայրաքաղաքը ներդրողներին ներկայացվել են որպես ապագայի խելացի, կանաչ քաղաք, որն ամբողջությամբ սնուցվում է վերականգնվող էներգիայով:

Սակայն բնապահպանները մտահոգված են, որ մոտ 260,000 հեկտար շինարարությունը կազդի Բոռնեոյի էնդեմիկ կենդանական աշխարհի որոշ տեսակների վրա: Վտանգված են հատկապես երկարաքիթ կապիկը, Իրավադի դելֆինները, օրանգուտանները և Բոռնեոյի արևային արջերը:

Ներկայում հիմքեր են դրվում կառավարական շենքերի համար, մինչդեռ ակնկալվում է, որ կառուցապատողները կսկսեն տների շինարարությունը, որտեղ հաջորդ տարի կտեղափոխվեն 16 000 քաղաքացիական ծառայողները, զինվորականները և ոստիկանները:

Նուսանտարան նոր մայրաքաղաք կհռչակվի 2024 թվականի առաջին կեսին։ Հիմնական կառավարական շենքերը, ներառյալ պալատը և նախագահական գրասենյակը, պետք է պատրաստ լինեն մինչև հաջորդ տարվա օգոստոսը, երբ Ինդոնեզիան կնշի անկախության 79-րդ տարեդարձը:

Իսկ մինչ այդ, բնապահպանները շարունակում են հույս ունենալ, որ պետական պաշտոնյաները հավատարիմ կմնան իրենց խոստմանը և ապագայում կպաշտպանեն Ինդոնեզիայի խոցելի կենդանիներին:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ՔԱՅԼԵԼ ՉԱՐԼԶ ԱՐՔԱՅԻ ԹԱԳԱԴՐՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ

Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունը հայտնել է, որ այցելուներն այս ամռանը հնարավորություն կունենան քայլել այն վայրում, որտեղ թագադրվելու է Չարլզ Երրորդ արքան: Մարդիկ առաջին անգամ են մուտք ունենալու հանրության համար փակ տարածք:

Չարլզը թագադրվելու է մայիսի 6-ին այն եկեղեցում, որտեղ անգլիացի և բրիտանացի միապետների թագադրումները տեղի են ունեցել վերջին 1000 տարվա ընթացքում:

Որպես հատուկ շրջագայությունների մաս, որոնք կանցկացվեն թագադրման հաջորդ շաբաթներին, աբբայության այցելուները կկարողանան կոշիկները հանելով քայլել Cosmati Pavement-ի վրա՝ Ավագ խորանի մոտ, որտեղ ծառայության համար կտեղադրվի թագադրման ամբիոնը:  

Վանեսա Սիմեոնե (Վեսթմինստերի աբբայության գլխավոր պահպանող) - Հայտնի պատմության մեջ առաջին անգամ այս սալահատակը կհայտնվի տեսադաշտում և կօգտագործվի թագադրման համար: Սա բացառիկ հնարավորություն է. մինչև օրս հոգևորականներից բացի, ոչ ոք չի բարձրացել այստեղ:

Մարմարից, քարից, ապակուց և մետաղից պատրաստված խճանկարային հատակը ստեղծվել է թագավոր Հենրի III-ի պատվերով՝ 1268 թվականին, և եզակի է Մեծ Բրիտանիայում։

Բայց այն այնքան վատ վիճակում է եղել, որ 1870-ականներից թաքնված էր գորգի տակ և ցուցադրվել է միայն վերականգնողական աշխատանքներից հետո, որոնք ավարտվել են 2010 թվականին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում