Կյանքի ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախում պաշարները սպառման եզրին են. պետնախարար

ԼԼիլիթ Ասատրյան

100 օր շարունակվող շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքներ, բազմաթիվ զեկույցներ. առցանց ասուլիս են հրավիրել Արցախի պաշտոնյաները: Պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, անդրադառնալով ադրբեջանական «ինտեգրացիա» կոչված թեզին, նկատեց՝ նախկինում էլ այն երբեք իրողություն չի եղել, և այժմ էլ արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը բացառված է: Պետնախարարը ընդգծեց, որ Բաքուն շարունակում է ագրեսիան, քանի դեռ միջազգային հանրությունը լուռ է:

Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետական նախարար) - 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած ձեր աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի ու ժամանակների հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային պարզ իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր, միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանը ամեն օր և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը բացասական իմաստով:

ՆՈՒՅՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ. ՂԱԶԱՐՅԱՆ

Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսություն հնարավոր են համարում միայն միջազգային ձևաչափում ու ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքների առկայության պայմաններում, հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարը: Սերգեյ Ղազարյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են մի քանի անգամ, քննարկել հումանիտար, տեխնիկական հարցեր: Ընդ որում, ադրբեջանական կողմը փորձեց խեղաթյուրել վերջին հանդիպման օրակարգը:

Սերգեյ Ղազարյան (Արցախի արտաքին գործերի նախարար) - Սակայն, միևնույն ժամանակ, մենք, ռուսական խաղաղապահների միջնորդությամբ, նույն ձևաչափով պատրաստ ենք նշված հարցերի լուծման համար ունենալ հանդիպումներ:

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԱՐՑԱԽՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ

Արտաքին գործերի նախարարը, Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայմանը անդրադառնալով, նկատեց՝ դա հեշտ որոշումներով կյանքի կոչվող հարց չէ: Հավելեց՝ այդպիսի մեխանիզմների ներդրման ու պայմանավորվածությունների համար պետք է տարվի հսկայական աշխատանք:

Սերգեյ Ղազարյան - Ամեն դեպքում մի բան ակնհայտ է՝ Արցախում այդ անվտանգային բաղադրիչը կարևորագույն նշանակություն ունի, և առանց խաղաղապահ ուժերի ներկայության գրեթե անհնար է, ինչին մենք ականատես ենք լինում ամենօրյա ռեժիմով։ Ինչքան կատարելագործված լինի այդ մեխանիզմը, այնքան լավ:

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը մի շարք ոլորտների հասցրել է անդառնալի վնաս, տնտեսական հետևանքները ներկայացրեց պետնախարար Ներսիսյանը:

Գուրգեն Ներսիսյան - Միայն տեղական հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, կա մեծ գործազրկություն, մեծ վնաս է հասցվել ՀՆԱ-ին: Միայն Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը, մնացածը պետական աջակցությամբ փորձում են պահպանել իրենց գոյությունը:

Պետնախարարը նշեց՝ Արցախում կյանքի ճանապարհի փակված լինելու պատճառով պաշարները սպառման եզրին են: Ակնհայտ է, որ Ադրբեջանի վերահսկողության տարածքում է վնասվել էլեկտրագիծը, նախարարի խոսքով՝ նույն ձեռագիրն է գազի անջատումների հետ կապված:

Գուրգեն Ներսիսյան - Շրջափակման ընթացքում էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մեր տեղական արտադրանքն է՝ հիմնված Սարսանգի ջրամբարի հնարավորությունների վրա: Այն ամբողջությամբ չսպառելու համար Արցախում էլեկտրականությունը մատակարարվում է հովհարային անջատումներով: Արդեն իրավիճակը կրիտիկական է, և առաջիկայում առատ տեղումների բացակայության դեպքում մենք կարող ենք ունենալ անջատումների ավելի երկար ժամանակ:

43 ԱՆԳԱՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵԼՔՆ ՈՒ ՄՈՒՏՔՆ ԱՐՑԱԽ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շրջափակման ընթացքում Արցախի ՄԻՊ-ը զեկույցներ է փոխանցել միջազգային կազմակերպություններին և դիվանագետներին, տեսակամրջի ժամանակ հայտարարեց Արցախի օմբուդսմենը: Գեղամ Ստեփանյանը Արգենտինայում մասնակցում է մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին, որի ընթացքում ներկայացրել է Արցախում առկա իրավիճակը: Ստեփանյանը հիշեցրեց՝ վերջին զեկույցում ներկայացվել են մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտման վերաբերյալ փաստեր:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Եթե մինչև շրջափակումը ճանապարհով անցնում էր օրական միջինը 1400 մարդ, ապա 100 օրում՝ ընդամենը 1376, այսինքն` 178 անգամ տեղաշարժերի դեպքերը նվազել են։ 43 անգամ կրճատվել է մեքենաների ելքն ու մուտքը։ Մինչև շրջափակումը ամեն օր տեղափոխվել է մոտ 400 տոննա մթերք, իսկ շրջափակման ընթացքում՝ 3707 տոննա՝ 11 անգամ ավելի քիչ, քան սովորական պայմաններում պետք է ներկրվեր։

Ստեփանյանը հավելեց՝ այն քաղաքականությունը, որը Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի նկատմամբ, բացահայտ խտրականության դրսևորում է, որն արձանագրվել է Հաագայի դատարանի որոշմամբ: Եզրափակելով՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ ատելության քաղաքականությունը հստակ ցուցիչ է, որ Արցախում մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ և ամենակարևոր պայմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն ու ճանաչումն է:

Հեղինակ` Տաթև Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում