Հայաստանում գործող լաբորատորիաները ամերիկյան չեն, գաղտնի գործունեություն էլ չեն իրականացնում

Տարիներ շարունակ ռուսաստանյան լրատվամիջոցները ակտիվորեն հաղորդում են Ուկրաինայում ԱՄՆ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ստեղծված կենսաբանական լաբորատորիաների մասին՝ շեշտելով, որ նման կառույցներ գործում են նաև հետխորհրդային այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

2022-ի հունվարին պատրաստված՝ այսպես կոչված «բիոլաբորատորիաների» մասին պատմող տեսանյութը սկսեց նորից շրջանառվել նախորդ շաբաթ՝ ռուսական պետական հեռուստաալիքով: 

Այդ ֆիլմում ասվում է, թե հետխորհրդային մի քանի պետություններում ԱՄՆ-ն ստեղծել է լաբորատորիաներ, որտեղ ամերիկյան հատուկ ծառայությունների օգնությամբ իբր կենսաբանական զենք է մշակվում: Ներգրավված փորձագետը հավաստիացնում է, թե կոնկրետ Հայաստանի տարածքում փորձարկումներն իրականացվում են բրուցելոզի, սիբրիրյան խոցի հարուցիչների միջոցով և կարող են շարքից հանել գյուղատնտեսությունը: Նույն փորձագետը հավաստիացնում է, որ նման լաբորատորիաներ ունեցող պետությունները 2-3 տարում ամբողջությամբ կորցնում են ինքնիշխանությունը և փաստացի գաղութացվում:

Հիմա հնչեցված թեզերի մասին հերթով.

Հայաստանում ամերիկյան լաբորատորիաներ չեն ստեղծվել, նախկին սանէպիդկայանների լաբորատորիաները պարզապես վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ: Ընդ որում՝ դեռ 2016 թվականից ու գործում են արդեն 7 տարի:

Լիլիթ Ավետիսյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, համաճարակաբան) - «Բիոլաբորատորիա» հասկացություն գոյություն չունի, ամեն մի լաբորատորիա, որ աշխատում է ախտածին գործոնի հետ, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, ինչպես այս մեկն է:

Այս դարպասներից ներս ինչ է կատարվում, ովքեր են աշխատում և ինչ են ախտորոշում: Ռուսական թեզերում շրջանառվող այս հարցերի պատասխանների հետևից ենք գնում: Երևանում գտնվող «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնն» է՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Բակում Ռուսաստանի նվիրած շարժական լաբորատորիաներն են կանգնած:

Արտավազդ Վանյան (Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն) -  Վերջին 10 տարիներին 3 շարժական լաբորատորիա են ստացել ՌԴ-ից, որը շատ կարևոր է դաշտային աշխատանքների ժամանակ, հատկապես վերջինը լուրջ հագեցվածություն ունի, դա ստացել ենք մոտ 2 տարի առաջ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի ուղեկցությամբ ենք մուտք գործել տարածք, ինչպես բոլոր լաբորատորիաների դեպքում՝ համապատասխան արտահագուստ կրելով: Վանյանի հավաստմամբ` այս լաբորատորիան նույն ծառայություններն է մատուցում, ինչ ժամանակին սանէպիդկայանները:

Արտավազդ Վանյան - Բոլոր երկրներում այս ծառայությունը կա, Հայաստանում այս ծառայության 100-ամյակն է այս տարի, անցած տարի ՌԴ-ում էր: Որևէ նոր լաբորատոր գործունեություն ձևավորված չի:

Պարզապես նույն տարածքում գտնվող հին լաբորատորիաների շենքերը նորոգվել են, սարքավորումները՝ թարմացվել: Օրինակ` Երևանի այս լաբորատորիան 2016-ին է նորոգվել՝ Պենտագոնի ֆինանսավորմամբ: Նույն թվականին ԱՄՆ պաշտպանության նախարարության աջակցությամբ վերազինվել են Իջևանի և Գյումրիի լաբորատորիաները։ 2017 թ. վերակառուցվել ու վերազինվել է ևս երեք լաբորատորիա՝ Մարտունիում, Կապանում և Վանաձորում։ Արտավազդ Վանյանը տեղեկացնում է՝ այս տարի էլ նախատեսում են ևս 2-ը վերազինել, բայց արդեն ոչ թե Միացյալ Նահանգների, այլ Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, որի հիմնադիրները ՀԱՊԿ անդամ երկրներն են:

Արտավազդ Վանյան - Այս տարի վերազինման գործընթացը լինելու է 2 մարզում՝ Արմավիրի և Արարատի մարզում, հիմնական աջակցությունը, որը լինելու է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի կողմից, ճիշտ նույն ձև, ինչպես մյուս 5 լաբորատորիաներն են:

Չնայած այսպիսի ակտիվ գործակցությանը՝ ռուսաստանյան պաշտոնական ու փորձագիտական շրջանակներում շարունակաբար բարձրաձայնվում է, թե Հայաստանում գործում են ամերիկյան բիոլաբորատորիաներ: Հայաստանում ՌԴ դեսպանությունը նախորդ տարի էլ հայտարարել էր, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ: 2022-ի հունիսի 27-ին առցանց ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր՝ այդ լաբորատորիաները Հայաստանի սեփականությունն են:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ, և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում:

2018-2020 թվականներին այդ հարցն իսկապես քննարկման առարկա էր դարձել երկկողմ հարաբերություններում:

Մոսկվայի անհանգստությունները փարատելու նպատակով դեռ 2018 թ. վարչապետի հանձնարարությամբ իրականացվել էր ՌԴ պատվիրակության ճանաչողական այց Երևանում և Գյումրիում տեղակայված լաբորատորիաներ, որից հետո «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել էր՝ «ռուս մասնագետներին երբևէ չի արգելվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»:

Մոսկվայի բարձրացրած հարցերին 2019-ի նոյեմբերին անդրադարձել էր նաև այդ ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում: Նշել՝ խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի գործակցության հարցում: Այդ կառույցները հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ, դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են, նշել էր դեսպանը:

Արդեն 2021 թ. մայիսի 6-ին Հայաստանն ու Ռուսաստանը երկար քննարկված հուշագիր ստորագրեցին՝ փաստացի փակելով թեման: Հուշագրով նախատեսվում են գործակցության մեխանիզմներ, տեղեկատվության փոխանակում, մասնագետների վերապատրաստման կազմակերպում: Վանյանն ընդգծում է՝ մինչև հուշագիրն էլ ռուս գործընկերների հետ փորձի փոխանակում, քննարկումներ եղել են:

Արտավազդ Վանյան - Ռուս գործընկերների աջակցության տիկին Պոպովայի ղեկավարությամբ կարողացանք հագեցնել քիմիական լաբորատորիան վերջին սարքավորումներով, ու այսօր լայն սպեկտրի հետազոտություններ է անում այդ լաբորատորիան:

Գործակցում են Ռուսաստանի տարբեր ինստիտուտների հետ, օրինակ՝ Ստավրոպոլի, Սարատովի, շարունակում է Վանյանը, մանրամասնում է՝ համաճարակաբանության տեսանկյունից ամենալարված փուլում՝ կորոնավիրուսի ժամանակ՝ ռուս գործընկերներն են մասնագիտական աջակցություն ցույց տվել:
 
Կորոնավիրուսի ախտորոշումից մինչև այսօր ակտիվ շրջանառվող վիրուսներ՝ համաճարակաբան Լիլիթ Ավետիսյանը լաբորատորիայի գործառույթներն է ներկայացանում:
  
Կեղծ թեզերից մեկն էլ այն է, որ այս լաբորատորիաներում աշխատակիցները հայեր չեն:

Լիլիթ Ավետիսյան - Լաբորատորիա հետազոտական նպատակով մուտք գործել են միայն ռուս մասնագետներ ու մեր հայերի հետ փորձեր են արել, Միացյալ Նահանգների մասնագետները երբեք չեն մտել:

Շիրակի մարզ, Գյումրի: 2016-ին շենքային պայմանները բարեկարգվեցին, լաբորատորիան վերազինվեց: Տնօրենն է ներկայացնում. «Առաջին հարկում մանրէաբանական, մակաբուծական լաբորատորիան է»:

Ի տարբերություն երևանյան կենտրոնի՝ Գյումրիում ԱՄՆ-ից մասնագետներ եղել են, ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանից և եվրոպական երկրներից:

Վարդան Ուռուտյան (ՀՎԿԱԿ «Շիրակ» մասնաճյուղի տնօրեն) - Մենք նախկինում էլ ենք աշխատել, հիմա էլ, ուղղակի հիմա ուրախալին որն ա, որ ունենք այսպիսի սարքավորումներ ու լավ շենք ու ավելի որակով նույն ծառայությունը կմատուցենք:
 
Ոլորտի պատասխանատուները շեշտում են՝ շարունակելու են գործակցությունը միջազգային բոլոր գործընկերների հետ: Թե՛ Ամերիկայի ֆինանսավորմամբ արդեն վերազինված 6 լաբորատորիաների, թե՛ այս տարի Եվրասիական հիմնադրամի աջակցությամբ նորոգման սպասող լաբորատորիաների նպատակը Հայաստանում հիվանդությունների վերահսկման հնարավորությունների ընդլայնումն է, որպեսզի թե՛ մարդկային, թե՛ կենդանական վարակների հետագա բռնկումն արագ կանխվի։

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©