Զսպել Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց և մարդատյաց քաղաքականությունը․ Արցախի կոչը միջազգային հանրությանը

ԼԼիլիթ Ասատրյան

Զսպել Ադրբեջանի ցեղասպան, հայատյաց և ընդհանրապես մարդատյաց քաղաքականությունը՝ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կոչն է միջազգային հանրությանը: Արցախահայությունը ԵՄ-ից ակնկալում է հասցեական գնահատականներ և պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ անտարբերությունը կհանգեցնի նոր ագրեսիայի:

Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ նախարարի պաշտոնակատար) - Արցախն ամբողջությամբ շրջափակման մեջ է, նույնիսկ օդային կապ չկա, քանի որ Ադրբեջանը սպառնում է հարվածել քաղաքացիական ինքնաթիռներին։ Արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը 5 կիլոմետրանոց միջանցքն է և նեղ ճանապարհը։ Այժմ ճանապարհն էլ է փակ։ Ո՞ւր և ինչպե՞ս տարհանել բնակչությանը։ Եթե Արցախում ցեղասպանություն տեղի ունենա, դա կլինի սարսափելի հանցագործություն, որի մասնակիցը կդառնա միջազգային հանրությունը, եթե միջոցներ չձեռնարկի:

ԴԵՂՈՐԱՅՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՕՐՎԱ ԵՆ. ԱՐՑԱԽԻ ՄԻՊ

Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է՝ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսապահովման համար անհրաժեշտ պայմանները, այնինչ արդեն երկու օր խաթարված են Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքները՝ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան)  - Մարդու իրավունքների պաշպանի գրասենյակն ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, և նման կերպ շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու են շատ լուրջ խնդրի առջև: Նույնը վերաբերում է սննդամթերքին ու էներգակիրներին՝ բենզինի ու դիզվառելիքին:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏՈՒՄ Է ԵՌԱԿՈՂՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արցախի պաշտոնյաները համոզված են՝ բնապահպանների անվան տակ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը փակած անձինք ուղղորդվում են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից: Ընդգծեցին՝ միջանցքը փակողների մեջ կան նաև Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ:

Արտակ Բեգլարյան (Արցախի պետնախարարի խորհրդական) - Ադրբեջանը որ միայն մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տալիս, այլև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, որտեղ հստակորեն իր պարտավորություններներն էլ են նշված՝ այս ճանապարհի անձեռնմխելիության ու անվտանգության երաշխավորման առումով:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՍԱԴՐԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ. ՂԱԶԱՐՅԱՆ

Որպես բնապահպան հանդես եկող ադրբեջանցիները միայն Արցախը շրջափակելով չեն սահմանափակվում, նաև սադրում են ռուսաստանցի խաղաղապահներին՝ նկատեց Հայաստանում Արցախի մշտական​ ներկայայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Սերգեյ Ղազարյան (ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ) - Ամեն կերպ փորձում են ռուս խաղաղապահներին սադրել, և նախապայմաններից մեկն այն է, որ ներկայանան հրամանատարական կազմը, հետևաբար ինչ-որ սադրանքներ են նախապատրաստում:

Ստեփանակերտն առաջարկում է ռուսաստանցի խաղաղապահներին միջազգային մանդատ տալ, ցանկալի է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, քանի որ այս իրավիճակում խաղաղապահ առաքելություն իրականացնողները խաղաղություն պարտադրելու մանդատ չունեն, ինչպես, օրինակ՝ Կոսովոյում է: Արցախում նաև խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտություն են տեսնում:

Դավիթ Բաբայան - 1980 հոգի ամբողջ երկայնքով տեղակայված՝ քիչ թիվ է, Ադրբեջանի թատերական ներխուժման դեմ կանգնած էին 2-3 խաղաղապահ զինվոր:

Արցախի իշխանությունները, կախված իրադարձությունների զարգացումից, խնդրի հանգուցալուծման տարբեր սցենարներ ունեն։ Ճանապարհը չբացելու դեպքում Ստեփանակերտը իրավիճակից բխող գործողությունների կդիմի:

Հեղինակ՝ Անի Օհանյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում