Եվրամիությունը որոշել է երկու ամսով դիտորդական առաքելության 40 մասնագետ ուղարկել Հայաստան

ՎՎահե Կոստանդյան

Եվրամիությունը որոշել է երկու ամսով դիտորդական առաքելության 40 մասնագետ ուղարկել Հայաստան. նրանք կտեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին՝ նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում։ Առաքելության նպատակն է մշտադիտարկել, վերլուծել իրավիճակն ու հաշվետվություն կազմել: Այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպմանը:

Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի բարձր ներկայացուցիչ) Դիտորդական առաքելությունը միտված է վստահության ամրապնդմանը՝ ստեղծված անկայուն իրավիճակում, որը վտանգում է մարդկային կյանքեր և հակամարտության կարգավորման գործընթացը։ Սա ևս մեկ ապացույց է, որ ԵՄ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու վերջնանպատակին:

Առաքելության տեղակայումն արագացնելու համար որոշվել է ժամանակավորապես Հայաստան ուղարկել Վրաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության փորձագետներին: Հայաստան-Ադրբեջան սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության անհապաղ տեղակայումը ողջունել է Եվրոպական խորհրդի նախագահը:

Շառլ Միշելը հույս է հայտնել, որ առաքելությունը կնպաստի վստահության ձևավորմանը և թույլ կտա կառույցին ավելի արդյունավետ աջակցություն տրամադրել սահմանային հարցերով հանձնաժողովներին, որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում:

Այս ընթացքում Հայաստանում են ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամները: Նրանց հետ հանդիպել է պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանը նրանց հետ գործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակները, քննարկվել են նաև տեխնիկական հարցեր:

Առաքելության անդամները հանդիպել են նաև արտգործնախարարի հետ: Արարատ Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի մասին Եվրամիության երկրներին օբյեկտիվ տեղեկություն տրամադրելու գործում նրանց դիտարկումներն ու վերլուծությունները կարևոր դեր կունենան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում